2024–ին պաշտպանական նոր տեխնոլոգիաների մշակումների պետական ծախսերն աճել են 30 տոկոսով
2024 թվականին 2023–ի համեմատ Հայաստանի պետական ծախսերը պաշտպանական նոր տեխնոլոգիաների մշակումների և գիտահետազոտական աշխատանքների մասով 1,1 մլրդից հասել են մինչև 1,45 մլրդ դրամ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա վստահեցրեց, որ ընդդիմության դիտարկումները, թե այս ոլորտում ծախսերը թերակատարվում են, տեղին չեն։ Նա բացատրեց, որ հոկտեմբերին կատարողականի թվերը ցածր են եղել, քանի որ պայմանագրերը հիմնականում կնքվում են տարեվերջին։
«Հոկտեմբերին ես ԱԺ–ում ասել էի, որ 200 մլն դրամով ավելի կատարողական ենք ունենալու 2023 թ–ի համեմատ այս ոլորտում։ Ու հիմա արդեն այդ թվերը երևում են։ Այս իմաստով փարատում եմ ընդդիմադիրների մտավախությունները նաև թվերով»,– ասաց նա։
Ավելի վաղ կառավարությունը հավանության էր արժանացրել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծին, ինչի արդյունքում` Հայաստանում պետք է պարզեցվեր պաշտպանական նոր տեխնոլոգիաների մշակումների ու փորձարկումների գործընթացը։
Նա հավելեց, որ ԲՏԱ նախարարությունը 2025-ին կշարունակի աջակցել պաշտպանական տեխնոլոգիաների արտահանման նախագծերին։ Նախատեսվում է նաև բուհերում բացել մի շարք լաբորատորիաներ, այդ թվում ՝ արհեստական բանականության տիրույթում, ծրագրավորողներին առաջարկել դրամաշնորհային ծրագրեր, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ կազմակերպել արտերկրում։