Վերջին տարիներին Երևանում օդի աղտոտվածության մեծ փոփոխություն չի գրանցվել. Սիմիդյան

Վերջին տարիներին Երևանում օդի աղտոտվածության մեծ փոփոխություն չի գրանցվել. Սիմիդյան

Ըստ տարեկան դիտարկումների՝ վերջին տարիներին Երևանում օդի աղտոտվածության մեծ փոփոխություն չի գրանցվել:

Այս մասին հունվարի 10-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Վերջին տարիներին Երևանում օդի աղտոտվածության մեծ փոփոխություն, ըստ տարեկան դիտարկումների, չի գրանցվել: 2024 թվականի ամռան շրջանում, ըստ էության, դիտվել է փոշու կոնցենտրացիայի նվազում, 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների տվյալները շատ չեն տարբերվում 2022-23 թվականների տվյալներից»,- ասաց Սիմիդյանը:

Նա նշեց՝  Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մթնոլորտային օդի մասով դիտարկվում են մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, գետնամերձ օզոնի և ըստ բաղադրության չտարբերակված փոշու պարունակությունները:

Ըստ նախարարի՝ սա այն կարողություն է, որ  այս պահին նախարարությունն ունի: Իսկ դիտարկումներն իրականացնում են Երևան քաղաքում 5 անշարժ և 45 շարժական դիտակետերում՝ շաբաթական կտրվածքով: 5 անշարժ դիտակետերը վերը նշված բաղադրիչներն ուսումնասիրելու, իսկ շարժականները միայն ծծմբի և ազոտի երկօքսիդի տվյալներն ուսումնասիրելու նպատակով են:

«Մոնիթորինգի այն համակարգը, որը մենք ունենք այս պահին,  նոր անհանգստացնող տվյալներ չի գրանցել, քան նախկինում կար: Մեր համոզմամբ՝ անհանգստությունները, որոնք այս պահին ունենք, ձևավորվել են  Երևանի քաղաքապետարանի կողմից սենսորային սարքերի տեղադրման արդյունքում, որոնք տեղադրված են հիմնականում շինհրապարակներում: Ինչպես նաև որոշակի անհանգստացնող թվեր են ներկայացնում շվեյցարական կազմակերպության կայքի տվյալները: Նշեմ, որ միջազգային ստանդարտների համաձայն՝ դեռևս չկա հավաստում, որ այս սարքերի տվյալները ճշգրիտ են, դրանք կարող են մինչ 40 տոկոս շեղում գրանցել: Դրանք ավելի շատ օժանդակող սարքեր են այն արդիական համակարգի համար, որը մենք առաջիկայում ուզում ենք ձեռք բերել»,- նշեց Սիմիդյանը: