ՀՀ կառավարությունը մշակում է անվճար սպանդանոցային մորթի ծրագիր

ՀՀ կառավարությունը մշակում է անվճար սպանդանոցային մորթի ծրագիր

Մշակվում է սպանդանոցային մորթի անվճար ծառայության ներդրման ծրագիր, իսկ  Հայաստանի կառավարությունն շոշափելի աջակցություն է ցուցաբերելու շարժական և շարժական-մոդուլային սպանդանոցներ ձեռք բերող տնտեսվարողներին և նրանց ծառայություններից օգտվող ֆերմերներին: 

2024 թվականի ամփոփմանը նվիրված ասուլիսում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ կառավարությունը բարելավել է շարժական և շարժական-մոդուլային սպանդանոցների ձեռքբերմանը միտված լիզինգային ծրագրերը: 

«Մոտավորապես 20 մլն դրամ է շարժական մեկ սպանդանոցի արժեքը, որի ձեռքբերման համար պետք է կատարել 20 տոկոս կանխավճար, այսինքն՝ մոտ 4 մլն դրամ: Դրանից 3.6 միլիոնը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է տալիս, 400 հազարն՝ անհատը: Այսինքն, առաջին ներդրումը 400 հազար դրամ է: Հետո տնտեսվարողը պետք է մարի 16 մլն դրամը: Իսկ այդ գումարի տոկոսները նույնպես փակելու է կառավարությունը: Իրեն մնում է մորթն անել և այդ շահույթից իր գումարը վճարել: Տարբեր գնահատականներով՝ դա 5-6 տարվա փոխարեն հնարավոր է անել 1-2 տարում: Այսինքն, դա շատ շահութաբեր է»,- հայտնեց նախարարը և հավելեց, որ փոխհատուցվելու է նաև սպանդանոցային ծառայությունների մատուցման արդյունքում տնտեսվարողների մոտ գոյացող ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարը:

Նրա խոսքով՝ հիմա մշակման փուլում է ծրագրի մեկ այլ բաղադրիչ, որը նախատեսում է սպանդանոցային մորթի անվճար ծառայության մատուցում: «Այսինքն, գյուղացին, ֆերմերը այլևս չի վճարելու սպանդանոցային մորթի համար: Մորթն իրականացնելու է անվճար, և մենք փոխհատուցելու ենք այդ մորթի գումարն, իհարկե, միջինացված արժեքի չափով: Այսինքն, այդ հարցը նույնպես լուծում ենք»,- հայտարարեց նախարարը: