Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր հարթակը խնայում է քաղաքացու ժամանակը․ վարույթների վերաբերյալ տեղեկատվությունից մինչև վարույթի կարճում՝ էլեկտրոնային

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  նոր հարթակը խնայում է քաղաքացու ժամանակը․ վարույթների վերաբերյալ տեղեկատվությունից մինչև վարույթի կարճում՝ էլեկտրոնային

 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արդեն շուրջ վեց ամիս  գործարկվում է «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակը։ Այն հնարավորություն է տալիս  շահառուներին՝ առանց քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակ այցելելու, ընդամենը օգտվելով իրենց օգտահաշվից՝ անկախ օրվա ժամից և գտնվելու վայրից, հարթակի միջոցով ստանալ տեղեկատվություն իրենց վերաբերող առկա կատարողական վարույթների կարգավիճակի մասին։

Ընդ որում՝ ծրագրում երևում է, թե ո՞ր գույքի կամ հաշվեհամարի նկատմամբ ի՞նչ արգելաքներ են կիրառված, ո՞վ է պահանջատերը և ո՞րքան է բռնագանձման ենթակա գումարը։ Այսօր հարթակից օգտվում է արդեն 3000 շահառու։  

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական Վարդուհի Պետրոսյանը շեշտում է՝ այն արդիական, տեխնիկական լայն հնարավորություններով ու թվային գործիքներով  համալրված հարթակ է։ Հարթակը փորձնական գործարկվել է այս տարվա հունվարին, իսկ փետրվարից՝ վերջնական։

«Գրասենյակում կարող են գրանցվել ֆիզիկական պարտապան անձինք, ովքեր սեղմելով գրասենյակ կոճակը՝ գրանցվելու համար լրացնում են համապատասխան դաշտը։ Հարթակը նրանց նույնականացնելուց հետո հնարավորություն է տալիս հասանելիություն ունենալ անձնական վարույթների նկատմամբ։  Գրանցվելու համար պարտադիր է, որ քաղաքացու էլեկտրոնային հասցեն լինի վավեր, այսինքն՝ կարողանա մուտք գործել իր էլ հասցեն, քանի որ գրանցվելուց հետո  այդ  հասցեին ստանալու է հաստատող նամակ։ Այնուհետև կարող է տեսնել վարույթի շրջանակում կայացված որոշումները, ներբեռնել 2021 թվականի  հունվարից հետո հարուցված վարույթների որոշումները, հետևել թարմացումներին»,- մեզ հետ զրույցում մանրամասնում է տիկին Պետրոսյանը։

Ոչ միայն հետևել վարույթների ընթացքին և տեղեկություններ ստանալ, քաղաքացին կարող է նաև վճարել պարտքը, ընդ որում՝ մինչև 60 հազար դրամ շեմով կարող է միաժամանակ մի քանի վարույթի վճարում կատարել։ Էլեկտրոնային հասցեի միջոցով էլ ծանուցվել, որ բոլոր արգելանքները հանվել են։ Օրինակ՝ եթե քաղաքացին իր ձեռքի տակ չունի ճանապարհային ոստիկանության կողմից իր նկատմամբ ճանապարհային կանոնները խախտելու մասին վարչական ակտը,  հարթակի միջոցով կարող է հասկանալ՝ վարույթը ե՞րբ է հարուցվել, ի՞նչի համար, այսինքն՝ այն տեղեկությունները, որոնք առնչվում են իր նկատմամբ հարուցված վարույթին։

Հարթակի միջոցով վճարում կատարելու ժամանակ վարույթի կարճումը շատ արագ է լինում՝ ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ «Երբ որ ներբեռնում ես նաև բանկային քարտը, արդեն այդ քարտի միջոցով կարողանում ես կատարել վճարումը։ Վճարումն անմիջապես արտացոլվում է ծառայությունում։ Հետագա ընթացքն էլ շատ օպերատիվ կերպով է իրականացվում։ Սա խնայում է և՛ քաղաքացու ժամանակը, և՛ օգնում է առանց ծառայություն այցելելու կատարել վճարումը։ Ինչպես նաև կատարել առցանց վճարումներ անմիջապես նույն հարթակից միաժամանակ մի քանի կատարողական վարույթով։ Մեր կողմից իրականացված տարբեր իրազեկման արշավների միջոցով քաղաքացիները հարթակի մասին բավականին իրազեկված են, հարցերի դեպքում կարող են դիմել մեզ»,- նշում է Պետրոսյանը։

Հարթակում կարող են նաև գրանցվել այն անձինք, ովքեր չունեն իրենց նկատմամբ հարուցված կատարողական վարույթ, սակայն, եթե մի օր նրանց նկատմամբ որևէ կատարողական վարույթ հարուցվի կարող են իրենց էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցվել։

«Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակում գրանցվելու համար անհրաժեշտ է բացել հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային կայքէջը։ Մուտք գործել անձնական գրասենյակ հարթակը և լրացնել անձնական տվյալները։ Պետք է նաև լուսանկարել փաստաթղթի դիմերեսն ու դարձերեսը, և նաև փաստաթղթով ինքնալուսանկար անել։ Համակարգը Էլ հասցեին նամակ կուղարկի՝ ծանուցելով գրանցման մասին։ Հարթակն անվտանգային առումով ապահովված է։

Բացի այս հարթակից, հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական www.cesa.am կայքում հասանելի են նաև «Հետախուզումներ», «Վճարում և կարճում» թվային գործիքները։  Պետրոսյանն ընդգծում է՝ «Հետախուզումներ» հարթակով ծառայության շահառու հանդիսացող անձը կարող է նաև պարզել, թե կատարողական վարույթի շրջանակում իր նկատմամբ  կա՞ արդյոք հայտարարված հետախուզում, թե ոչ։ 

«Կառավարության որոշմամբ  2022 թվականի փետրվար ամսից գործող կարգի համաձայն՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն չի կարող իրականացվել, եթե կատարողական վարույթի շրջանակում հարկադիր կատարողի որոշմամբ պարտապանի տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քաղաքացին, «Հետախուզումներ» հարթակում լրացնելով համապատասխան տվյալներն, առցանց եղանակով կարող է պարզել՝ արդյո՞ք իրեն պատկանող տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվե՞լ է հետախուզում,  թե ոչ»,- ասում է նա։

«Վճարում և կարճում» թվային գործիքի միջոցով իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող պարտապանները կարող են նաև կատարել արագ վճարումներ՝ պարզապես մուտքագրելով պահանջվող տվյալներից մեկը։