Անապահովության գնահատման համակարգի ներդրման դեպքում նպաստի չափը կհասնի 55 000 դրամի. Մկրտչյան

Ներդրված Անապահովության գնահատման նոր համակարգը գալիս է փոխարինելու, այսպես կոչված, «Փարոսի» համակարգին: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Զբաղվածության ռազմավարությունը շատ ուղիղ առնչություն ունի անապահովության գնահատման նոր համակարգի հետ։ Անապահովության գնահատման նոր համակարգով փորձելու ենք փոխել մի ընկալում, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդը չպետք է շարունակական անհուսալիության մեջ մնա: Մարդու հետ չի տարվում աշխատանք, մենթորություն, որպեսզի ինքը աշխատի և դուրս գա իր այդ քարանձավից։
Այս նոր համակարգով մենք թիրախայնությունն ենք մեծացնելու...Մենք անապահովության նոր գնահատման դիմումներն ընկալելու ենք որպես աշխատանքի անցնելու հայտադիմում և սկսելու ենք աշխատել նրանց հետ՝ առաջարկելով աշխատանք: Քաղաքացիների շարունակական աշխատանքից հրաժարվելը մենք դիտարկելու ենք որպես եկամտի աղբյուր ունենալու դրսևորում։
Նաեւ վերագրումների համակարգ ենք ներդնելու, այսինքն համարելու ենք, որ մեր քաղաքացիները առնվազն պարենային զամբյուղի չափով եկամուտ ունեն, եթե հրաժարվում են աշխատել և այդ վերագրումները աճեցնելով հարցնելու ենք սպառողական զամբյուղին և իրենց համակարգից դուրս ենք հանելու։
Հիմա մենք անապահովության սահմանային շեմը համարում ենք ուրեմն պարենային զամբյուղը, որը այս պահին 34,581 դրամ է: Կատարվելու է կարիքների գնահատում և դրա արդյունքում ներդրվում է անապահովության նպաստ, որի իրավունք են ունենում մարդիկ, որոնք գնահատվել են չորս աստիճան աղքատության ցուցիչով՝ ծայրահեղ անապահով, չափավոր անապահով, միջին անապահով և անապահով»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:
Նա տեղեկացրեց, որ գործող համակարգում նպաստի միջին չափը 33,350 դրամ է, նոր համակարգում միջին չափը կբարձրանա 49,330 դրամի: Անապահովության համակարգի ամբողջական ներդրման դեպքում միջին նպաստը կարող է կազմել մինչև 55,000 դրամ: