Կառավարությունը 6 ամսով երկարաձգեց խաղողի մթերումների համար վարկերի մարման ժամկետները

Կառավարությունը 6 ամսով  երկարաձգեց խաղողի մթերումների համար վարկերի մարման ժամկետները

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ի նիստում որոշեց փոփոխություններ կատարել Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում ըստ որի՝ ծրագրի շրջանակներում խաղողի մթերումների նպատակով 2022 թվականին տրամադրված վարկերի համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են մինչև 6 ամսով  երկարաձգվել վարկերի մարման ժամկետները՝պայմանով, որ վարկերի մարման ժամկետների փոփոխության դեպքում 2022-ին տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները չեն փոխվում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է վերջին շրջանում ՌԴ ռուբլու փոխարժեքի նվազման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելով:

Ծրագրի շրջանակներում խաղողի մթերման նպատակով 2022 թվականին մինչև սեպտեմբերի 1-ը վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման և 1 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով, իսկ սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը՝ մինչև 4 տարի մարման և 2 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 11 տոկոսային կետով։