Խորհրդակցություն Գեղարքունիքում

Խորհրդակցություն Գեղարքունիքում
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին 2024 թվականի տարեկան աշխատանքային հաշվետվության կազմման, մարզում կենտրոնացված աղբահանության անցնելու, «Սևան Ազգային պարկ»-ի տարածքում տնտեսվարող սուբյեկտների հետ աղբահանության պայմանագրերի կնքման, մարզով անցնող միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանիչ գոտիներում քաղաքաշինական գործունեության արգելման, Վարդենիսի բժշկական կենտրոնի, Մարտունու ծննդատան, Դպրաբակի բուժամբուլատորիայի և Ծակքարի առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենքերի կառուցման մեկնարկի ժամկետների հստակեցման հետ կապված հարցեր։
Խոսվեց նաև Գավառ և Մարտունի համայնքներում մաքրման նոր կայանների կառուցման ծրագրերի ներդրման, Դդմաշենի՝ 7-րդ դարի կառույց համարվող սուրբ Թադևոս եկեղեցու հիմնանորոգման նախագծի ձեռքբերման, մարզում ազդարարման միասնական համակարգի համալրմանն ու արդիականացմանն ուղղված միջոցառումների, Վարդենիս համայնքի Նորակերտ և Խաչաղբյուր գյուղերում մանկապարտեզների նոր շենքերի կառուցման, գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման հետ կապված հարցերի մասին։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ պարբերաբար մշտադիտարկումներ անցկացնել այլ գերատեսչությունների պատվիրատվությամբ Գեղարքունիքի մարզում կառուցվող դպրոցների, մանկապարտեզների և առողջապահական հիմնարկների նոր շենքերի շինհրապարակներում և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել շինարարական աշխատանքների ընթացքի և որակի վերաբերյալ։
Խորհրդակցության ավարտին մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան այլ հանձնարարականներ ևս։