22 նահանգներ հայցեր են ներկայացրել ըստ ծննդյան ԱՄՆ քաղաքացիություն ստանալու իրավունքի սահմանափակումների դեմ

22 նահանգներ հայցեր են ներկայացրել ըստ ծննդյան ԱՄՆ քաղաքացիություն ստանալու իրավունքի սահմանափակումների դեմ

22 նահանգի, ինչպես նաև Սան Ֆրանցիսկո քաղաքի և Կոլումբիայի շրջանի գլխավոր դատախազները հայցեր են ներկայացրել՝ փորձելով արգելափակել նախագահ Դոնալդ Թրամփի՝ ըստ ծննդյան ԱՄՆ քաղաքացիություն ստանալու իրավունքը սահմանափակելու գործադիր հրամանը, հաղորդում են ABC-ն և AP-ն:

Երդմնակալության օրը նախագահը հրաման է ստորագրել, ըստ որի՝ հաջորդ ամսից ԱՄՆ-ում անօրինական կամ ոչ ներգաղթային վիզա ունեցող մայրերից ԱՄՆ-ում ծնված երեխաներն այլևս չեն կարողանա ինքնաբերաբար դառնալ ԱՄՆ քաղաքացի:

ԱՄՆ քաղաքացիության իրավունքը բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են ԱՄՆ հողում, ամրագրված է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ ուղղումով: «Նախագահը չի կարող գրչի մի հարվածով չեղյալ հայտարարել 14-րդ ուղղման գոյությունը։ Վերջապետ», - ասել է Նյու Ջերսիի գլխավոր դատախազ Մեթ Պլատկինը:

Մասաչուսեթսում և Նյու Հեմփշիրում մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք պաշտպանում են միգրանտների իրավունքները, նույնպես երեքշաբթի հայցեր են ներկայացրել՝ Թրամփի հրամանը հակասահմանադրական ճանաչելու պահանջով, հայտնում է ABC-ն։

Հայցվորները պնդում են, որ երկրում տարեկան 150,000 երեխա է ծնվում ոչ քաղաքացի ծնողներից, և որ հրամանով նախատեսված միջոցների իրականացումը նրանց կկանգնեցնի արտաքսման վտանգի առջեւ: Նրանք վախենում են, որ երեխաները կարող են զրկվել բժշկական օգնության հասանելիությունից:

Սպիտակ տունն ընդգծել է, որ իրենք պատրաստ են դատական ​​գործընթացների։ «Արմատական ​​ձախերը կարող են կամ հակառակ ալիքի վրա լողալ և դիմակայել ժողովրդի ճնշող կամքին, կամ կարող են միանալ մեզ և աշխատել նախագահ Թրամփի հետ»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսը։