Քննարկվել են «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները

Քննարկվել են «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները

Նախաձեռնության նպատակն է հանրային ներդրումային ծրագրերի կառավարման եւ բյուջետային գործընթացի միջեւ ներդաշնակության ապահովումը: Ներկայում հանրային ներդրումային ծրագրերի կառավարման գործընթացը կարգավորվում է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքից բխող հանրային ներդրումների վերհանման, մշակման, գնահատման եւ առաջնահերթությունների որոշման կարգով, իսկ բյուջետային գործընթացը` «Բյուջետայի համակարգի մասին» օրենքով: Մինչդեռ, ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի, «Բյուջետային համակարգի մասին» օրենքում սահմանված չեն «հանրային ներդրում» եւ «հանրային ներդրումային ծրագիր» տերմինները:

«Պրակտիկայում խնդիրներ են առաջանում տարբեր մեկնաբանությունների տեսանկյունից: Մասնավորապես, ի՞նչ է հանրային ներդրումային ծրագիրը, ինչքանո՞վ է այն առնչվում բյուջետային ծրագրերի հետ, արդյո՞ք դրանք բյուջետային ծրագրեր են եւ այլն»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար առաջարկվում է փոփոխություն կատարել «Բյուջետային համակարգի մասին» օրենքում` ներմուծելով «Հանրային ներդրումներ» եւ «Հանրային ներդրումային ծրագիր» տերմինները եւ հստակեցնելով «Բյուջետային ծրագիր» հասկացությունը:

Նախաձեռնությամբ սահմանվում է, որ հանրային ներդրումային ծրագրերը կարող են ներառվել պետական բյուջեում որպես առանձին բյուջետային ծրագիր կամ միջոցառում: Օրենքի նախագծով կատարվել են նաեւ տեխնիկական ու խմբագրական փոփոխություններ:

Հարակից զեկուցող, պատգամավոր Նարեկ Գրիգորյանը ներկայացրել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:


Կառավարության հեղինակած ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունվարի 22-ի ԱԺ նիստում: