Ռուսաստանը ճնշում է գործադրել Հայաստանի վրա Մաքսային միությանն անդամակցելու հարցում․ Ալեն Սիմոնյան

Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵՄ-ի հետ, բայց չունի նաև ընդհանուր սահման Ռուսաստանի հետ, սակայն դա չխանգարեց Ռուսաստանին ժամանակին ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի Հայաստանը անդամակցի (Մաքսային միություն. խմբ.): Այս մասին Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկմանը հաջորդած ճեպազրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա ընդունել է, որ պարենային անվտանգությունը և տնտեսական փոխկախվածությունը որոշ կարևոր բաղադրիչներից են:
«Բայց խոսքը դրա մասին չէ, այլ արժեհամակարգի, թե ինչ երկիր ենք ուզում կառուցել։ Դա մեր ընտրության խնդիրն է։ Մենք կարող ենք ունենալ ավտորիտար երկիր, որտեղ չկան ընտրություններ, իրավունքներ և ազատ լրատվամիջոցներ։ Եվ մենք կարող ենք ունենալ մի երկիր, որն ունի իր մարտահրավերները, բայց ազատ է և ունի ժողովրդավարության բարձր մակարդակ։
Այս ընտրությունը մենք մեր մտքում արդեն արել ենք, և հետագայում, եթե անհրաժեշտություն առաջանա, նորից կհաստատենք ընտրությունների կամ հանրաքվեի միջոցով»,- հավելել է Սիմոնյանը։