Տարեցտարի ցորենի ցանքսը պակասում է, բերքատվությունը՝ նվազում. Շիրակի մարզի գյուղխնդիրները

Տարեցտարի ցորենի ցանքսը պակասում է, բերքատվությունը՝ նվազում. Շիրակի մարզի գյուղխնդիրները

Շիրակի մարզն ունի երկրի ամենաընդարձակ ցանքատարածությունները՝ 36 060 հա: 2020թ-ի աշնանը մարզում ցանվել է 14 954 հա աշնանացան, որից հավաքվել է 151 431 ցենտներ բերք, մեկ հա-ի միջին բերքատվությունը 10.5 ցենտներ։

Ըստ Վիճակագրական կոմիտեի, եթե 2017-ին (ամենաբարձր ցուցանիշն է) մեկ հեկտարից ստացվել է 2.1 տոննա ցորեն, ապա 2021թ-ին բերքատվությունն անկում է ապրել՝ հասնելով  1.6 տոննայի:

Բացի այդ, վիճակագրական տվյալներով, եթե 2017 թվականին Հայաստանում ստացել են 176.4 հազար տոննա ցորեն, ապա 2021թ-ին՝ 97.2 հազար կամ գրեթե կիսով չափ պակաս։ Ինչպես ցորենի բերքատվությունն, այնպես էլ մշակվող ցանքատարածությունները   շարունակում են նվազել:

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության  վարչության պետ Ռոման Համայակյանը նշում է, որ 2021թ-ին ցանվել է 12 425 հա աշնանացան, իսկ գարնանցանն ամփոփման փուլում է. նախանական՝ կատարվել է 11 հազար հա գարնանացան: Ի դեպ,  նախորդ տարի ցանվել էր մոտ 15 հազար հա ցորեն:

 Ըստ նրա, ցորենի ցանքատարածությունների կրճատման պատճառը ցորենի ցածր գինն է, ուստի  գյուղացիները սկսել են մշակել այլ կուլտուրաներ՝ կարտոֆիլ, բանջարեղեն, կերային մշակաբույսեր, որոնք, ըստ նրա, ավելի շահավետ են, քան ցորենը: Ռ. Համայակյանը նշեց նաև, որ մարզում այս տարի տնկվել է 3 500 հա կարտոֆիլ, իսկ 2021թ-ին՝ 3 400հա:

 «Վերջերս մարզի Առափի համայնքում բացվեց մեկ տնտեսություն, որը զբաղվում է  բարձրաժեք բույսերի մշակմամբ: Մշակում են բարձրարժեք խոտաբույսեր, լոբազգիներ, համեմունքներ ցուցադրական կենտրոն է»,- մարզում գյուղփոփոխությունները մանրամասնեց Ռոման Համայակյանը և հավելեց, որ մարզում նաև սկսել են մշակել բրոկկոլի, ինչպես նաև ծաղկակաղամբ և կաղամբ:

Անդրադառնալով ոռոգման խնդիրներին, նշենք, որ Կառնուտի ջրամբարում, ի տարբերություն նախորդ տարվա, երբ կիսադատարկ էր, այս տարի  ջրի համալրումը տեղի է ունեցել ավելի վաղ։ Ամբարվել է 6 մլն խմ-ով ավելի ջուր և այժմ ջրամբարում  կա 13,8 մլն խմ, ինչը Համայակյանի վստահեցմամբ՝ կբավարարի Կառնուտի ջրամբարից սնվող գյուղերի ցանքատարածություններին:

 Արդյո՞ք ոռոգման շուրջ խնդիրներ չեն ծագում հարցին պատասխանեց, որ հիմնական դժգոհությունները կապված են հենց այս պահին գյուղաբնակի ջրապահանջարկի հետ, իսկ համակարգի կարողություններն ավելի պակաս են։ Պետք է նախապես հայտ ներկայացնել, կատարել պայմանագրային պարտավորությունները:

 Իսկ ինչպե՞ս է գյուղատնտեսական իրավիճակը Թուրքիայի հետ սահմանակից համայնքներում հարցին, պատասխանեց, որ այդ համայնքներում ևս մշակում են, անգամ չեզոք գոտում է ցանքս կատարվել:

Սահմանային Անիպեմզա համայնքում, ըստ նրա, թեև հողատարածքները քիչ են, սակայն բերրի հողեր են և ավանդական այգիներ են հիմնում։ Կա նաև մեկ ինտենսիվ այգեգործությամբ զբաղվող տնտեսություն:

Պետական սուբսիդավորմամբ տրված պարարտանյութի առումով էլ նշեց, որ «Շիրակի մարզը 5 000 տոննա ազոտական պարարտանյութի հայտ է ներկայացրել, ստացել են 3 615 տոննա պարարտանյութ, այլ պարարտանյութերի մասով հայտեր չեն եղել»։ Նաև հավելեց, որ մնացած մոտ 1400 տոննա պարարտանյութը պահել են աշնանացանի համար: Այս տարի 4 950 տնտեսություն է օգտվել սուբսիդավորված պարարտանյութի ծրագրից, իսկ նախորդ տարիներին, թեև հստակ թիվ չկարողացավ նշել, սակայն փոխանցեց, որ սուբսիդավորված պարարտանյութի շահառուների թիվն ավելի մեծ էր:

 Եղանակային պայմանները ևս կողքով չեն անցել և այս տարի մի քանի անգամ կարկտահարվել են   մարզի որոշ համայնքներ։ Վերջին կարկուտից հետո Ջրաձոր և այլ համայնքներում կարկուտի վնասներն են հաշվարկվում:

Նշենք, որ Շիրակի մարզի գյուղատնտեսական հողատեսքերի մեջ մեծ կշիռ ունեն արոտավայրերը՝ 53,29% և վարելահողերը՝ 36.79%: Ջրովի վարելահողերը կազմում են 20 249,6 հա: Շիրակի մարզում մշակվող հիմնական մշակաբույսերի մոտավոր տեսակարար կշիռներն են՝  հացահատիկ 69,3% ,  կարտոֆիլ 7,2% 3, բանջարեղեն 2,6% , կերային մշակաբույսեր 20,9%:

 «ԲԻՈՍՈՖԻԱ» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետազոտության համաձայն վերջին տարիներին ցածր բերքատվության հիմնական պատճառները մարզի համար բարձր ջերմաստիճանն է,  սակավաջրությունը, ցրտահարությունը, կարկտահարությունը և այլն:

 Հետազոտության մեջ նշվում է  նաև, որ գյուղատնտեսությունը մեր երկրում աչքի է ընկնում ցածր արդյունավետությամբ, բերքատվության միջին մակարդակով, ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների սահմանափակ կիրառությամբ: