Հայկազ Ֆանյան. Փաստեր և մտորումներ եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը անդրադարձել է համատարած հայտարարագրմանը վերաբերող մի շարք հարցերի, վերլուծել փաստերը և լուծումներ առաջարկել: Նա, մասնավորապես, գրել է.
Անկեղծ ասած, հետևելով վերջին օրերի ֆեյսբուքյան լրահոսը, մոտս լուրջ կասկած էր առաջացել, որ եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը մոտ է ձախողման, եկեք միասին վերլուծենք փաստերը և փորձենք եզրահանգումներ անել՝
- իմ գնահատմամբ այս տարի եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն շուրջ 800-820 հազ․ անձ,
- 2025թ-ի հունվարի 22-ի դրությամբ Հայաստանում վավեր նույնականացման քարտ են ունեցել 1,087,868 անձ (www.factor.am), այսինքն վստահաբար կարելի է ասել, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց ճնշող մեծամասնությունը նույնականացման քարտ ունի,
- նույնականացման քարտ ունեցողներից eID կամ mobileID եղանակով ստորագրելու իրավասություն ունեն իմ կոնսերվատիվ գնահատմամբ 150-180 հազար անձ, որից 120-140 հազարը հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն, այսինքն համակարգի ներդրման առաջին bottleneck-ը էլեկտրոնային ստորագրման իրավասություն ապահովելն է,
- ամենաիրատեսական եղանակը mobileID հանելն է, միայն 3 օպերատորները միասին ունեն 230 գրասենյակ, որոնցից յուրաքանչյուրը ամեն աշխատանքային օր մինչև մայիսի 1-ը պետք է միջինում օրական 36 mobileID տրամադրի, որ պահանջարկը բավարարի,
- հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց ճնշող մեծամասնությունը (85%+) ենթադրաբար ունեն կամ ժամկետային ավանդ կամ խնայողական հաշիվ, որոնց գծով ստանում են տոկոսային եկամուտ (թեկուզ չնչին) և պետք է հայտարարագրեն,
- հաշվի առնելով, որ մեր բանկերից ոչ մեկը հայտարագրման նպատակով այդպիսի ամփոփ տեղեկատվություն չի տալիս էլեկտրոնային եղանակով, իսկ հաճախորդների մի զգալի մասը email-ից նորմալ չեն օգտվում կամ նշել են, որ քաղվածքը նախընտրում են ստանալ բանկի մասնաճյուղում, երկրորդ ամենամեծ bottleneck-ը սա է,
- հունվարի 24-ի դրությամբ, 2024թ-ի համար դեռևս 1670 անձ է հայտարարագիր ներկայացրել (ՊԵԿ, մամուլի քարտուղար), ինչը նշանակում է, որ հայտարարագրման ժամկետը թերևս երկարացնելու անհրաժեշտություն է լինելու։
Ինչ անել bottleneck-ները վերացնելու/մեղմելու համար՝
- ՊԵԿ-ը համադրելով 2024թ-ին վարձու աշխատողների և քաղիրավական պայմանագրերով եկամուտ ստացողների ցանկը ակտիվ էլեկտրոնային ստորագրություն ունեցողների ցանկերի հետ, կարող է նույնականացնել բոլոր նրանց, ովքեր էլեկտրոնային ստորագրություն չունեն և իր մոտ եղած հեռախոսահամարներով կամ գործատուի միջոցով ծանուցի էլեկտրոնային ստորագրություն ստանալու և հայտարարագիր ներկայացնելու անհրաժեշտության մասին,
- այդ ցանկերը տրամադրի բջջային օպերատորներին, որոնք պրոակտիվ զանգերի միջոցով կարող են արագացնել էլեկտրոնային ստորագրություն ստանալու գործընթացը՝ ամենինչ չթողնելով վերջին օրվան․․․
- բջջային օպերատորներն իրենց հերթին կարող են շրջիկ «սպասարկման կետեր» գործարկել և այցելել խոշոր գործատուներին, հաճախորդների ժամանակը խնայելու համար,
- ԿԲ-ն կարող է պարտադրել բանկերին կարճ ժամկետում գեներացնել հատուկ տեղեկանքներ տոկոսային եկամուտների վերաբերյալ և SMS-ների կամ էլ․ նամակների միջոցով ծանուցել հաճախորդներին, համոզմունք ունեմ տեխնիկապես դա շատ բարդ բան չի իրենից ներկայացնում (մինչև հետագա տարիներին API-ների միջոցով դա կտրամադրվի ՊԵԿ-ին ավտոմատ), նույնը կարելի է անել նաև 300,000 դրամ և ավել փոխանցումների համար,
- եթե վերջինս տեխնիկապես հնարավոր չլինի, բարձրացնել ՀՀ բանկերից ստացված տոկոսային եկամտի հայտարարագրման շեմը, օրինակ, 100,000 դրամ և ավել,
- ՊԵԿ-ը թերևս պետք է երկարաձգի հայտարարագրման վերջնաժամկետը, բայց հաշվի առնելով մեր բնակչության վարքագիծը, սխալ կլինի բոլորի համար միասնական ժամկետ սահմանել, դա պետք է արվի խումբ-խումբ, օրինակ, մինչև 30 տարեկանների համար մինչև մայիսի 15-ը, 30-40 տարեկանների համար մինչև մայիսի 31-ը և այսպես շարունակ․․․
- Բնականաբար, պետք է ավելացվեն նաև տեղեկատվական-բացատրական նյութերը, հանդիպումները․․․
Պիտի նշեմ, որ միշտ կարևորել և կողմ եմ եղել եկամուտների համատարած հայտարարագրմանը (ինչի մասին խոսել եմ առնվազն 2023թ-ից, նույնիսկ դրանից առաջ)։ Այդուհանդերձ, կարծես թե բնակչության մեծ մասի և, ի զարմանս ինձ, նաև մասնագիտական հանրության մի զգալի հատվածի, մոտ դեռ հարց է առաջանում պետք է եկամուտների համատարած հայտարարագրման համակարգ, թե՞ ոչ: Ըստ իս, երբ 100-ից ավել երկրում տարբեր ընդգրկվածությամբ այս համակարգը ներդրված է, չարժի ջանք թափել ապացուցելու համար պետք է թե՞ ոչ․ եկեք ընդունենք, որ պետք է և ջանք թափենք բարելավելու համար։