Տոմատի մածուկի շուկայում գործող 13 տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ

Տոմատի մածուկի շուկայում գործող 13 տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության շրջանակում պարզվել է, որ տոմատի մածուկի շուկայում գործող 20-ից ավելի տնտեսվարողներից 13-ի մոտ հայտնաբերվել են խախտումներ։ Ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ 

Նա նշեց, որ վարչարարության նպատակն էր գնահատել, թե արդյոք շուկայում վաճառվող մածուկը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։ 

«Ուսումնասիրել ենք, թե շաքարի, աղի կամ այլ նյութերի պարունակությունը համապատասխանո՞ւմ է սահմանված չափանիշներին։ Հաճախ սպառողները նախընտրում են լավ կարմիր գույնի, խիտ տոմատի մածուկ, ինչը նրանց մոտ ստեղծում է բարձր որակի տպավորություն։ Սակայն որոշ դեպքերում արտադրողները կարող են այլ մեխանիզմներով ավելացնել չոր նյութերի քանակը՝ խտությունը մեծացնելու համար»,- նշեց Գևորգյանը։ 

Նա շեշտեց, որ ներկայում մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն արտադրանքի որակին և քանակին, այլ նաև սպառողին տրամադրվող տեղեկատվության ճշգրտությանը։