Telcell. բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

2024 թվականի դեկտեմբերի 30-ին «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ն մուտք գործեց Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի շուկա՝ դառնալով 12-րդ ցուցակված ընկերությունը։ Ընկերությունը ցուցակեց իր բաժնետոմսերը բորսայի երկրորդային (B) ցուցակում՝ ապահովելով նոր մակարդակի հասանելիություն ներդրողների լայն շրջանակի համար։

«Թել-Սել» ԲԲԸ-ն Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակել է շուրջ 1.2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով և 35 ՀՀ դրամ անվանական արժեքով 34,650,000 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսեր։ Վերոնշյալ բաժնետոմսերով թույլատրվել է հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։ Ցուցակված բաժնետոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով։

Ցուցակման առաջին ամսվա ընթացքում Ընկերության կապիտալիզացիան աճել է 4.75%` 13,860,000,000 ՀՀ դրամից դառնալով 14,518,350,000 ՀՀ դրամ։ Ավելին, ընկերությունը նախատեսում է ցուցակումից հետո երեք ամիսների ընթացքում լրացուցիչ որոշմամբ հաստատել համապատասխան կարգը՝ 350,000 հատ բաժնետոմսը աշխատակիցներին առաջարկելու և/կամ բաժնետիրացման ծրագրի շրջանակներում վերջիններիս տրամադրելու վերաբերյալ։

«Թել-Սել» ԲԲԸ-ի բաժնետոմսերի հրապարակային առաջարկի (IPO) գործընթացը մեկնարկել էր 2024 թվականի սեպտեմբերի 18-ին և ավարտվել նոյեմբերի 30-ին։  Ընդհանուր առմամբ, թողարկվել են 1,540 միլիոն դրամ արժողությամբ 3,850,000 հատ բաժնետոմսեր, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են։ Բաժնետերերի և անվանատերերի թիվը կազմել է 3,631։ Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է «Արմբրոկ» ԲԲԸ-ն։

«Թել-Սել» ԲԲԸ բաժնետոմսերը կարող եք ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսայի անդամների միջնորդությամբ՝ բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով բաժնետոմսերի ձեռք բերման հայտ։ Բորսայի անդամների ցուցակը այստեղ։