Հուլիսի 1-ից թոշակառուն կստանա մինչև 5000 դրամ լրավճար․ արդյո՞ք այն հասանելի կլինի նաև գյուղաբնակ կենսաթոշակաոռւների համար

Հուլիսի 1-ից թոշակառուն կստանա մինչև 5000 դրամ լրավճար․ արդյո՞ք այն հասանելի կլինի նաև գյուղաբնակ կենսաթոշակաոռւների համար

 Հուլիսի մեկից կենսաթոշակ կամ նպաստ ստացող քաղաքացին, եթե գնումներ կատարի անկանխիկ եղանակով, այսինքն՝ քարտի միջոցով, կարող է օգտվել մինչև 5000 դրամ ամսական լրավճարից։ Ծրագիրը դեռ պիլոտային է, և կգործի մինչև տարեվերջ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը մեզ հետ զրույցում պարզաբանում է՝ շահառուն կստանա իր կենսաթոշակը, դրանով կկատարի գնումներ քարտի միջոցով, հաջորդ ամիս, բանկը՝ համագործակցելով նախարարության հետ՝ կհաշվարկի հետվճարի չափը և քաղաքացու քարտային հաշվին կուղղվի ստացված հետվճարը։

Օրինակ՝ եթե թոշակառուն ամսվա ընթացքում 40 հազար դրամի սահմաններում անկանխիկ եղանակով կատարում է վճարումներ, հաջորդ ամիս կատարվում է հաշվարկ, և այս 40 հազար դրամի 10 տոկոսը հետվճարի տեսքով փոխանցվում է թոշակառուի քարտին։

«Հետվճարից ստացած գումարը կրկին անկանխիկ օգատգործելու դեպքում կրկին կստանա լրավճար։ 6 ամսվա ընթացքում կվերլուծենք միջոցառման արդյուքները և դեկտեմբեր ամսին կհասկանանք՝ ինչքանո՞վ է նպատակին ծառայել, հասե՞լ ենք այն ցուցանիշներին, որ մենք պատկերացնում էինք ունենալ։ Կհասկանանք, թե հետագայում կա՞ անհրաժեշտությունը շարունակելու և ֆորմատը վերանայելուայսինքն՝ ծրագրին մասնակից կլինի պետությունը և բանկը, թե՞ միայն բանկը, կամ միայն պետությունը։ Տնտեսվարող սյուբեկտները ևս կարող են միանալ ծրագրին»,- ասում է փոխնախարարը։

Ծրագրի 10 տոկոսից 5-ը փոխհատուցելու է բանկը, մյուս կեսն էլ պետությունը։ Հետվճարը չի կարող գերազանցել 5000 դրամը։ Կենսաթոշակային քարտեր սպասարկում է թվով 12 բանկ, այս պահի դրությամբ ծրագրին միացել են երեքը։ Ցանկացած ժամանակ բանկերը կարող են միանալ ծրագրին, իսկ շահառուն էլ կարող է փոխել բանկը, եթե այն բանկը, որից ինքը օգտվում է,  չի ցանկանում միանալ ծրագրին։

«Շահառուն մոտենալով իր տարածքում գտնվող միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն դիմում է գրում և ընտրում է այն բանկը, որի միջոցով ուզում է ստանալ իր կենսաթոշակը, որպեսզի կարողանա օգտվել նաև հետվճարից։ Այս պահին ծրագրին միացել են՝ Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը և ՎՏԲ Հայաստան բանկը։ 500 հազարից ավել շահառու ունենք, որից 400 հազարը քարտային եղանակով են ստանում իրենց կենսաթոշակը»,- նշում է փոխնախարարը։

Իսկ արդյո՞ք գյուղաբնակ թոշակառուները կարող են օգտվել հետվճար ստանալու այս ծրագրից։ Ի՞նչ պետք է անել, եթե կենսաթոշակառուն հնարավորություն չունի իր գյուղի խանութում անկանխիկ եղանակով գնումներ կատարել՝ Խաչատրյանը շեշտում է՝ համաձայն ընդունված օրենքի՝ վաճառքի բոլոր կետերը պետք է ունենան քարտը սպասարկելու տեմինալ՝ թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում։

«Նախորդ տարվանից ընդունվեց անկանխիկ գործառությունների մասին օրենքը, ըստ որի, 2022 թվականի հուլիսի մեկից, այսինքն՝ մեր ծրագրի հետ զուգահեռ, բոլոր վաճառքի կետերը, այդ թվում, օրինակ, գյուղի փոքրիկ խանութը, բացառությամբ կրպակներից, պետք է ունենա քարտը սպասարկելու համար սարք։ Եթե հաճախորդը ցանկություն ունի վճարումը  կատարել անկանխիկ եղանակով, ապա տնտեսվարողը իրավունք չունի մերժելու։ Իսկ սարքը չուեննալու դեպքում տնտեսվարողը կենթարկվի խոշոր տուգանքի»,- ասում է փոխնախարարը։

Գյուղաբնակ կենսաթոշակառուների թիվը շուրջ 200 հազար է, որից 100 հազարը արդեն քարտով է ստանում իր կենսաթոշակը։ Խաչատրյանն ընդգծում է՝ գուցե ոչ բոլորը միանան ծրագրին, քանի որ 75-ից բարձր տարիք ունեցող թշակառուները հնարավորություն ունեն ընտրելու՝ կանխիկ, թե՞ անկանխիկ եղանակով են ուզում ստանալ իրենց կենսաթոշակը։ 

«Այդ դեպքում Հայ փոստի փոստատարը գումարը, այսպես ասած, առաքելու է շահառուի տուն։ Հետվճարից այս դեպքում  թոշակառուն չի կարող օգտվել, որովհետև ծրագիրը վերաբերվում է հենց քարտի միջոցով անկանխիկ գործառույթներ իրականացնելուն։ Ըստ օրենքի՝ այն բոլոր վաճառքի կենտրոններում, որտեղ առկա է ՀԴՄ սարք, դրան զուգահեռ պետք է լինի նաև քարտային վճարումներ ընդունող տերմինալը։ ՀԴՄ սարք ունեցող տնտեսվարողների ցուցակը համեմատելով տերմինալ ունեցողների հետ՝ կարելի է հասկանալ, որտեղ կա այդ սարքը, որտեղ՝ ոչ»,- շեշտում է նախարարության ներկայացուցիչը։

Ծրագրի նպատակներից է՝ խթանել  պետության վարած անկանխիկ գործառույթների քաղաքականությունը, ավելացնել անկանխիկի ծավալներն ու տարածությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի խոսքով՝  անկնկալում են, որ մինչև այս տարվա ավարտը, քարտային եղանակով կենսաթոշակ ստացող  շահառուների  80 տոկոսը գնումներ կկատարի քարտի միջոցով և կստանա հետվճար: