Դատարանը մերժել է ապօրինի ծագում ունեցող գույքի գործով անցնող քաղաքապետարանի պաշտոնյայի դեմ հայցը

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, որով մերժվել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Վազգեն Հարությունյանից և վերջինիս փոխկապակցված անձից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ավելացված պահանջների մասով հայցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով դատարանում քննված գործը:
Այսպես. 2023թ. փետրվարին գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարան՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել չորս անշարժ գույք, որոնցից երեքը՝ Երևան քաղաքում, մեկը՝ Կոտայքի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 324 միլիոն 452 հազար 500 դրամ, մեկ շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, մեկ իրավաբանական անձում մասնակցության իրավունք:
Համաձայն դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տվյալների՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի կողմից 2023 թվականի փետրվարի 2-ին հայցադիմում է ներկայացվել Դատարան ընդդեմ Վազգեն Հարությունյանի և Աննա Պետրոսյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Դատախազության ներկայացուցիչ Ա.Հարությունյանը 2023թ. հուլիսի 10-ի նախնական դատական նիստում ներկայացրել է հայցի հիմքի և առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդություն՝ պահանջելով հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել մեկ տասնյակից ավելի շարժական և անշարժ գույք, ինչպես նաև դրամական միջոցներ( բանկերում բացված ավանդներ և այլն): Դատարանն ամիսներ անց միջնորդությունը բավարարել է, թույլատրել է ներկայացված հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը՝ հայցի հիմքում դրված փաստերի շրջանակը ճշգրտելու՝ լրացնելու եղանակով և պահանջների չափն ավելացնելով:
Պատասխանող Վազգեն Հարությունյանի ներկայացուցիչ Վ․ Ասատրյանը 2023թ. օգոստոսի 29-ի դատական նիստին ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն, որը սակայն մերժվել է:
Պատասխանողի ներկայացուցիչը նույն օրը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացված հայցադիմումով ուսումնասիրություն իրականացված գույքերի և ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությամբ ներկայացված նոր գույքերի վերաբերյալ հիմնավորումներ: Մասնավորապես ներկայացվել են ՀՀ Կենտրոնական բանկից, ՀՀ Կադաստրի կոմիտեից, ՀՀ ոստիկանությունից ստացված Վ. Հարությունյանի և Ա. Պետրոսյանի գույքերի և դրամական միջոցների վերաբերյալ հարցումների պատասխաններն ու դրանց հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Մեկ տարի անց՝ 2024թ. օգոստոսի 12-ին պատասխանող Վ.Հարությունյանի ներկայացուցիչը դատարանին ներկայացրել և պնդել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը, միաժամանակ հայտնել է, որ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով ուսումնասիրությունը երեք տարի է տևում, և այս պարագայում գտնում են, որ հայցը համարվում է ներկայացված հայցային վաղեմության ժամկետի խախտումով, հաշվի առնելով, որ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի միջնորդությամբ ներկայացված նոր բովանդակությամբ հայցը ներկայացվել է մինչև այդ պահը իրականացված ուսումնասիրությամբ հավաքված ապացույցների հիման վրա, իսկ վարույթով ուսումնասիրության ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, հետևաբար օրենքով նոր բովանդակությամբ հայցը և հայցապահանջը համարվում են հայցային վաղեմության ժամկետի բաց թողումով, ուստի ենթակա է մերժման, հետևաբար խնդրել է կիրառել հայցային վաղեմություն:
Դատարանն, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտել է, որ հայցային վաղեմության ժամկետները լրանալու հիմքով հայցը մասնակի ենթակա է մերժման:
Այսպիսով ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2024թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Վազգեն Հարությունյանի և Աննա Պետրոսյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին մասնակի՝ 15.12.2023 թվականին ներկայացված հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու միջնորդության շրջանակներում ավելացված պահանջների մասով (2015 թվականի թողարկման «NISSAN JUKE 1.6L» մակնիշի տրանսպորտային միջոցի 39 տոկոսը, 12.02.2014 թվականին 3.546.700 ՀՀ դրամով ձեռքբերված ոսկու ձեռքբերման արժեքի 99 տոկոսը, 26.747.271 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել և ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդը՝ 33.999.334 ՀՀ դրամ) մերժել՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով։
Նախորդ տարվա հոկտեմբերին դատախազությունը դատավճիռը բողոքարկել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում: Գործի հետագա ընթացքի վերաբերյալ այլ տվյալներ առկա չեն: