Sputnik. Հայաստանում դեղերի շրջանառության շուրջ 80 %-ը ստվերում է․ դեղագործական ընկերության ղեկավար

Պետությունը տարեկան 160 մլն դոլար պակաս է ստանում շահութահարկի և ԱԱՀ-ի գծով՝ Հայաստանում դեղերի շրջանառության 80 տոկոսի ստվերում մնալու պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը։ Նա հավելեց, որ ՀՀ օրենսդրության բացերի և առողջապահության նախարարության կամայականության պատճառով դեղատնային ոլորտը սահուն կերպով շեղվում է դեպի մաքսանենգ շուկա:
Վարսանյանի գնահատմամբ՝ բուժառուների քիչ թե շատ նորմալ բուժման համար անհրաժեշտ դեղերի նվազագույն ծավալը առնվազն 15 հազար անուն է, սակայն ներկայում Հայաստանում գրանցված է ընդամենը 3150 անուն: Եվ նույնիսկ դրանք անուններ չեն, այլ ցուցակի «տողեր», այսինքն՝ շատ դեղեր կրկնվում են, և իրականում դրանց տեսականին շատ ավելի փոքր է։
Ստացվում է՝ պետական գրանցումն ապահովում է բնակչության դեղերի նվազագույն կարիքների 20%-ը միայն։
Համեմատության համար նա օրինակ է բերում ԵՄ-ն, որտեղ գրանցված է մոտ 50-60 հազար դեղամիջոց։ Ռուսաստանում նույնպես գրանցված է մոտ 60 հազար դեղամիջոց։ Բայց Հայաստանում դրանց տեսականին վերջին տարիներին 5500-ից իջել է 3150-ի։
Ոլորտի մասնագետներն իրենց կարծիքով ակնհայտ լուծում են առաջարկում. ավտոմատ կերպով ճանաչել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում գրանցված դեղերը, ինչը թույլ կտար նվազեցնել դեղերի պակասուրդը և հանրության շրջանում լարվածությունը։
2020-21 թվականներին, կորոնավիրուսային համավարակի ֆոնին, նման կարգ արդեն գործում էր, ինչը թույլ տվեց էապես իջեցնել գները։ Սակայն ինչ էլ առաջարկեն փորձագետները, Հայաստանի ներկայիս իշխանությունները, Վարսանյանի խոսքով, նախանձելի համառությամբ հակառակն են անում։ Արդյունքում, դժգոհում է մեր զրուցակիցը, դեղերի ներմուծման հնարավորությունների ընդլայնման համար մի քանի տարվա պայքարի ընթացքում դրանց ցանկը ոչ թե ավելացել, այլ նույնիսկ կրճատվել է։
«Առողջապահության նախարարությունն արգելում է ներմուծել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում գրացված դեղերը։ Այսինքն` երբ իշխանությունները հայտարարում են, թե տեսեք` ԵՄ ենք գնում, բայց մնում ենք ԵԱՏՄ-ում, նայեք` ինչ «շուստրի» ենք, դա բացարձակ փուչիկ է։ Ոչ մի տեղ էլ չեն գնում և ո՛չ այս են ընդունում, ո՛չ այն: Ընդ որում` հաստատված դեղերի փոքր ցուցակի մի մասը գրանցվում է ԵՄ կանոնակարգով, մյուս մասը՝ ԵԱՏՄ կանոնակարգով։ Խառնաշփոթ են ստեղծել: Եվ ինչպես ամեն տեղ են քաոս ստեղծում, որի տակից հետո ստիպված են լինում դուրս գալ այս կամ այն ոլորտի մասնակիցները, նույնը տեղի է ունենում նաև դեղագործության ոլորտում»,-կարծում է Վասանյանը։
Նրա խոսքով՝ բոլոր խնդիրների պատճառն այն է, որ որ ոլորտը, փաստորեն, «պահ են տվել» դեղագործական ընկերությունների՝ Հայաստանում աշխատելու արտոնագիր ունեցող ներկայացուցիչներին (իրավատերերին)։ «Վագա Ֆարմի» հիմնադրի խոսքով` բանն այն է, որ ՀՀ օրենսդրությունը «կանաչ լույս» է վառել այսպես կոչված իրավատերերի համար, որոնք գրանցման մասին որոշումը կայացնում են՝ ելնելով իրենց նեղ շահերից։
Նյութն ամբողջությամբ՝ arm.sputniknews.ru