Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Փետրվարի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, համայնքներում աղբահանության աշխատանքների կազմակերպման և աղբավայրերի կառավարման վիճակի, շինթույլտվությունների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծման ու մշտադիտարկման, Գավառ համայնքի Հայրավանք բնակավայրի ճանապարհամերձ հատվածների պաշտպանիչ գոտիներում կատարած ապօրինի հողալցումների, շահագործման փուլում գտնվող Ջիլի միջնակարգ դպրոցում, Վերին Գետաշենի թիվ 2, Ակունքի և Գագարինի միջնակարգ դպրոցներում արձանագրված շինարարական թերությունները վերացնելու հետ կապված հարցեր։
Խոսվեց նաև 2024 թվականի ընթացքում իրականացված և 2025 թվական տեղափոխված սուբվեցիոն ծրագրերի համայնքային մասնաբաժինների վճարումների, Ներքին Գետաշեն և Լեռնակերտ բնակավայրերում կառուցվող դպրոցների շինարարության ընթացքի, համայնքների ղեկավարների և ավագանիների կողմից ընդունված որոշումների իրավաչափության, համայնքներում իրականացվող իրավական և մասնագիտական հսկողության, Աստղաձորի մանկապարտեզի գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կազմակերպման, Սեւանի թիվ 6 միջնակարգ, Ճամբարակի թիվ 2, Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցների մարզադահլիճների վերանորոգման համար մրցութային գործընթացի կազմակերպման, ԼՃափի ԱԱՊԿ նորակառույց շենքի համար սարքավորումների տրամադրման հետ կապված հարցերի մասին։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ մարզի համայնքապետարանների և ՄՍԾ տարածքային ստորաբաժանումների հետ համագործակցելով՝ հաշվառել և տեղեկատվություն ներկայացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման ծրագրի շահառուների հայտերի քանակի և փոփոխությունների, ինչպես նաև՝ սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տների կառուցման ծրագրերի ընթացքի վերաբերյալ։
Խորհրդակցության ավարտին մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան այլ հանձնարարականներ։