Եթե գույքահարկը բարձրացել է, նշանակում է, որ ձեր տան գինն է բարձրացել. Փաշինյան

«Գույքահարկը բարձրացել է, որովհետև գույքահարկի հարկման բանաձևը կապվել է գույքի շուկայական արժեքի հետ։ Եթե գույքահարկը բարձրացել է, նշանակում է, որ ձեր տան գինն է բարձրացել»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, կառավարության հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն իր բնակարանի օրինակով բացատրեց անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած փոփոխությունները։
«Ես 2005 թվականին բնակարան եմ ձեռք բերել և նախորդ տարի մեր բնակարանը վաճառել եմ ձեռք բերած գնից երեք անգամ ավելի թանկ գնով։ Վաճառել ենք, որպեսզի նոր բնակարան ձեռք բերենք։ Բարձ գույքահարկ նշանակում է գույքի արժեքի բարձրացում։ Բայց սա պատմության մի մասն է. գույքահարկը գնում է համայնքային բյուջեներ։ 2019 թվականից ի վեր համայնքային բյուջեները կրկնապատկվել են։ Բայց սա էլ ամբողջը չէ. համայնքի բյուջեն ծախսվում է քաղաքացու կարիքների վրա, բայց մենք օրենսդրական այլ բարեփոխում ենք արել. համայնքներին պարտավորեցրել ենք բյուջեի մի մասը ծախսել մասնակցային բյուջետավորման միջոցով։ Այսինքն քաղաքացին որոշի՝ ինչի վրա ծախսել բյուջեի մի մասը»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, Հայաստանում շարունակվում է չգնահատված մնալ «միջացայրային բարեկեցություն» հասկացությունը, և յուրաքանչյուր քաղաքացի մտածում է միայն իր սեփական բնակարանի մասին, և երբեք չի մտածում, թե իր տան դնռից այն կողմ ինչ է տեղի ունենում։
«Երբ շենքի տանիքը ծակվում է, մարդն ընկնում է թաղապետարանից թաղապետարան, հետո անձրև գալիս ա ու իր տան գույքը փչացնում, էդ մարդը չի ասում՝ մի րոպե, եթե ես ժամանակին գույքահարկը վճարած լինեի, իմ ընտրական իրավունքն օգտագործած լինեի ու ավագանի ընտրած լինեի և մասնակցեի, թե գումարն ինչի վրա է ծախսվում...»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։