ԾԱԾԿԱԳԻՐ 485․ Արտադրված է Ապարանում․ չինացիներից մինչև եվրոպացիներ՝ Թիլ թեյի սիրահար

Եթե սարերում եղել եք, կհիշեք՝  ինչպես է քամին հանկարծ բերում անանուխի և ուրցի անուշաբույրը։ Մի քանի խորը շունչ ու կարծես գլուխը թարմանում, մտքերը հանգստանում են։ Այս նույն զգացողությունները կարելի է ունենալ տանը նստած՝ պարզապես բացելով հայկական լեռներից հավաքված խոտաբույսերի այ այս թղթե տուփը։

Hayk Aslanyan.png (3.43 MB)

Տուփի մեջ բնություն է, ասում է Թիլ Թի հայկական թեյերի արտադրության հիմնադիր Հայկ Ասլանյանը։ 

«Մարդը պիտի շփվի բնության հետ, որ առողջ և երջանիկ լինի։ Մեր թեյերն ապահովում են այդ շփումը»,- ասում է Հայկն ու պատմում, որ իր հայրենի Ապարանում աճող խոտաբույսերը դեռ մանկության տարիներից է տարբերում։ Մի մասն ուտելու, մյուսները թրմելու և տարբեր ցավեր բուժելու համար էին հավաքում Արագածի լանջերից։ Սկզբից տատը, հետո մայրը դեղերի փոխարեն օգտագործում էին հենց այդ դեղաբույսերը։ Այդ տարիներին, երբ երեխայական դժկամությամբ խմում էր հերթական թուրմը, չէր էլ ենթադրում, որ հետագայում տատի բուժիչ բաղադրատոմսերով փոքրիկ բիզնես է սկսելու։

Teyer1.png (3.15 MB)

2013 թվականին Ապարանի սարուձորից հավաքված դեղաբույսերի առաջին խմբաքանակը Հայկն արտահանեց Ռուսաստանի Դաշնություն։ Բուժիչ ու հանգստացնող հատկություններով հայտնի դարձած խոտաբույսերը տարիներ շարունակ մեծ պահանջարկ էին վայելում արտերկրում։

Հետո հյուրընկալության ոլորտում աշխատելիս հասկացավ, որ խոտաբույսերը ոչ միայն որպես դեղամիջոցներ, այլև որպես թեյեր պետք է առաջարկել մարդկանց։ 

teyer 5.png (3.52 MB)

«Մեր թեյի հիմքում միևնույնն է առողջությունն է։ Բայց և լավ թեյն իր բնական համ ու հոտով հաճելի ժամանց կարող է լինել»,- պատմելիս լցնում է ուրց-նանայի թեյն ու ժպիտով վերհիշում՝ թեյի արտադրությունը սկսելիս ընկերների հետ բարձրացան սարը, որ թարմացնեն մանկական հիշողությունն ու վաճառքի ենթակա թեյի առաջին խմբաքանակն իրենց ձեռքով հավաքեն։

Ուրց, դաղձ, անթառամ, երիցուկ․ այս խոտաբույսերն իջեցրին սարից և անցան մշակման փուլին։ 

teyer 2.png (2.74 MB)

«Թվում է՝ դե խոտաբույս է, կփռես կչորանա, կփաթեթավորես, բայց իրականում կան հատուկ տեխնոլոգիաներ, որոնց պարտադիր պետք է հետևել։ Մշակման ու չորացման ամբողջ ընթացքը կարևոր է թեյի համն ու հոտը, տեսքն ու գույնը բնականին մոտ պահելու համար»։ 

Արտադրամասն Ապարանի իրենց տան հարևանությամբ է, առաջին օրերին գյուղին բնորոշ ավանդույթով, գործի գլխին կանգնեցին գյուղի մեծերը՝ իրար լրացնելով կիսվեցին թեյացուն ճիշտ չորացնելու գաղտնիքներով։ 

«Որքան բարձր սարերից է հավաքվում բույսը, այնքան ավելի անուշաբույր ու օգտակար է։ Մենք մինչև օրս էլ գյուղացիներից գնում ենք Ուրցաձորից հավաքված թարմ խոտաբույսերը, մաքրում-լվանում ենք արտադրամասում։ Ամեն բույսն ունի մշակման իր եղանակը։ Արևի ու քամու ազդեցությունը պիտի բալանսավորված լինի, որ չփչանա ոչ գույնը, ոչ համը»։

Հիշում է՝ անթառամը չորացնելիս ծաղիկները փշրվում էին։ Կրկին օգնության հասան գյուղացիները․ կիսախոնավ վիճակում ծածկել և այդպես չորացնել, որ ծաղիկները գնորդին հասնեն թարմ տեսքը պահպանած։ 

teyer 3.png (3.05 MB)

«Բրենդի անունն էլ` Teal-Teа,  պատահական չի ընտրվել․ թիլը կանաչի այն երանգն է, որն ունեն մեր սարերի թարմ խոտաբույսերը։ Հենց այդ սիրուն երանգն էլ փորձում ենք պահպանել բնական մշակման ընթացքում»։ 

«Վաճառքի վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայկական բնական թեյերի պահանջարկը տարեց տարի մեծանում է հենց Հայաստանում»-նշում է Հայկը։ 

«Թիլ թեյերի 5 տեսակները՝ ուրց, դաղձ, անթառամ, երիցուկ և միքս թեյը, որը ռեհանի ուրցի դաղձի մեխակի դարչինի խառնուրդ է, «Սաս» սուպերմարկետում ենք վաճառում, եթե 2022-ից հաշվենք դինամիկան, այս տարի արդեն 100 անգամ ավելացել է վաճառքի քանակը։ Հիմա մարդիկ փորձում են բնականին մոտ լինել, հասկացել են, որ մեր սարերից հավաքված թեյն, առանց որևէ քիմիական հավելման, ամենաառողջարարն է, միաժամանակ շատ տարբեր քիմքերին համապատասխան»։

Հայկական թեյի բուրմունքի կողքով անտարբեր չեն անցնում նաև օտարերկրացի զբոսաշրջիկները։ Հյուրանոցում, որտեղ Թիլ թեյն առկա է, աշխարհի տարբեր ծայրերից հյուրեր են լինում։ Եվրոպացիներն առանձնահատուկ համակրանք ունեն հայկական թեյի նկատմամբ, բայց հետաքրքիր է, որ ասիացիներին ևս չափազանց դուր են գալիս մեր թեյերը։

teyer 6 .png (3.00 MB)

«Չինացի հյուրեր ունեինք, մի քանի կում արեցին ու շատ տպավորված ասացին, որ սարերի համն ու հոտն են առնում։ Հյուրանոցից գնեցին, որ տանեն նվիրեն թեյի սիրահար ընկերներին»։

Ըստ Հայկի՝ հայկական թեյերն իսկապես շատ մեծ պոտենցիալ ունեն աշխարհում ճանաչված ու մրցունակ դառնալու։ Միայն թե արտահանման խնդիրներն են շատ։ Օդային ճանապարհով արտահանելը շատ ծախսատար է։ Իսկ ցամաքային ճանապարհով արտահանելիս տուփի փաթեթավորումն են փչացնում, որ ստուգեն պարունակությունը։

teyer 10.png (3.14 MB)

«Թիլն այժմ արտահանվում է օնլայն խանութների միջոցով, պատվերները հիմնականում Ռուսաստանից, Ղազախստանից և հարևան այլ երկրներից են։ Մեծածավալ արտահանում անելու առաջին բարդությունն ինֆորմացիայի պակասն է։ Շատ լավ կլիներ, եթե պետությունը ինչ-որ մեխանիզմներ ներդներ սկսնակ բիզնեսներին օգնելու, խորհրդատվություն անցկացնելու և առաջնորդելու համար։  ՌԴ առանց ստուգումների արտահանելու ձևը գտա իմ կապերի միջոցով, նոր լիցենզիա ձեռք կբերենք և այս տարի մեծ քանակով կարտահանենք, պլաններ ունենք Դուբայ արտահանելու, բայց Եվրոպա դեռ չենք կարողանում հասնել»։

Հայկի խոսքով՝ սկսնակ գործարարների խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում։ Թղթաբանությունից մինչև հարկում և վաճառք, ամեն ինչ շատ բարդ է, ժամանակատար ու ծախստար։ Հատկապես մարզերում մարդկանց հմտությունները բիզնեսի վերածելը գրեթե անհնար է։ 

«Հասարակ տուփ արտադրողի մասին տեղյակ չեն մարդիկ, դիզայնի ու մարքեթինգի մասին խոսք էլ չկա։ Պետությունը պիտի ինչ-որ ձևով օգնի մարդկանց առաջին քայլերն անել։ Բացի այն, որ իրենց հմտությունները կվաճառեն ու արժեք կստեղծեն, մարզերում կթեթևանա նաև գործազրկության խնդիրը։ Երբ նոր էի սկսում թեյի արտադրությունը, Արագածոտնի մարզում գործազրկության մակարդակը շատ բարձր էր։ Որոշեցինք տեղի բնակիչներին ներգրավել աշխատանքներում, այդպիսով աջակցել համայնքին՝ լուծելով մարդկանց զբաղվածության հարցը»։

teyer 9.png (6.31 MB)

Անկախ բոլոր այդ դժվարություններից, հատկապես մարզերի բնակիչներին Հայկը խորհուրդ է տալիս փորձել և մեկ, երկու ձախողումից չվախենալ։ Ինքն էլ ժամանակին մի քանի անգամ հիասթափվել է, բայց կանգ չի առել։
«Եթե արտադրանքդ կա ու արդեն վաճառվում է, ուրեմն հաջողել ես, որովհետև ինչ-որ բան ստեղծելը հեշտ չէ։ Նպատակս է, որ մեր սարերում աճած թեյն ավելի շատ մարդու հասանելի լինի։ Աշխարհի տարբեր ծայրերում իմանան հայկական անուշաբույր ու առողջարար թեյի մասին։ Ընտրեն ու ըմպեն հայկականը»։

Հետո արդեն ժպիտով ավելացնում է՝ իմանան Ապարանի մասին։ Հենց այնպես չէ, որ տուփի վրա և ՛ հայերենով, և ՛ անգլերենով գրված է՝ «Արտադրված է Ապարանում»։ 

Լուսանկարները՝ ejc.am-ի