«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ օրաթերթը բաց աղբյուրներից պարզեց, որ 2025 թվականի հունվարի 24-ին «Ատ Քոմփանի» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել սնանկության դատարան՝ ընդդեմ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի՝ պահանջելով, որ դատարանը սնանկ ճանաչի «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն:

Իսկ ում է պատկանում «Եվրոասֆալտ»-ը: Խիստ կասկածելի է, բայց այս ընկերությունը, ըստ փաստաթղթերի, ունի 2 բաժնետեր՝ Սվետլանա Պողոսյան եւ Լուսիկ Գեւորգյան (վերջինս գրանցված է Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում): Ասֆալտբետոնի արտադրությամբ զբաղվող այս ընկերությունում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել է 2021-ի մարտից: Ըստ մամուլի՝ Կառլեն Սիմոնյանը «Եվրոասֆալտ»-ում որպես տնօրեն գրանցվելիս ու հետադարձ կապի միջոց ներկայացնելիս նշել է [email protected] էլեկտրոնային հասցեն։

2021-ի հունիսի 17-ին հրատապ բաց մրցույթի ընթացակարգով «Եվրոասֆալտ»-ը 368 միլիոն դրամի պայմանագիր է կնքել ՏԿԵ նախարարության հետ՝ Շիրակի մարզի Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը վերանորոգելու համար: Այնուհետեւ, մեկ այլ պայմանագրով 287.5 միլիոն դրամով Ապարան քաղաքի եւ հարակից բնակավայրերի ավտոճանապարհներն է նորոգել:

Արդեն 2023-ին նույն նախարարության հետ, դարձյալ առանց մրցույթի, 79 մլն դրամի նոր համաձայնագիր է կնքել Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգեւան ավտոճանապարհի հիմնանորոգման համար...

«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ միլիարդավոր դրամների տենդերներ շահած «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի դեմ տարատեսակ հայցերով՝ ֆիզանձերից մինչեւ բանկերին փոխկապակցված կազմակերպություններ եւ ապահովագրական ընկերություններ են մտել դատարան։

«Արինս Կապիտալ»-ը, «Ռոգո ինշուրանս»-ը, «Արգիշտի 2»-ը, «Վիկան»-ը, «Բետոնագործ»-ը, «Սեւակ Բոյաջյան»-ը «Եվրոասֆալտի» գործով դատարան են դիմել:

Եվ հիմա թեեւ փաստաթղթերով ԱԺ նախագահի եղբայր Կառլեն Սիմոնյանը այլեւս կապ չունի «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ, սակայն նրա հեռանալուց հետո «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ատ Քոմփանի» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել սնանկության դատարան, գործը մակագրվել է դատավոր Ինգա Բարսեղյանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում