«Հայաստանում օգտագործվում է ագրոզբոսաշրջության ներուժի 20-30%-ը, զբոսաշրջիկը գալիս է բնականի և ավանդականի հետևից»․ ինչպե՞ս զարգացնել ագրոտուրիզմը

«Հայաստանում օգտագործվում է ագրոզբոսաշրջության ներուժի 20-30%-ը, զբոսաշրջիկը գալիս է բնականի և ավանդականի հետևից»․ ինչպե՞ս զարգացնել  ագրոտուրիզմը
Հայաստանում ագրոտուրիզմը մեծ ներուժ ունի, մնում է բացահայտել այն, ճիշտ փաթեթավորել ու օգտագործել։ Այս կարծիքին է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ «Հսկայական ներուժ կա, կարևորն այն է, որ ունենք ավանդույթներ, ավանդական խոհանոց։ Եվ այս առումով ճիշտ չի լինի ագրոտուրիզմն ու գաստրոտուրիզմը միմյանցից զատել։ Մեր տարբեր մարզեր, տարբեր համայնքներ ունեն առանձնահատուկ, իրարից տարբերվող խոհանոց, և սա հսկայական ներուժ է։ Հարցն այն է, որ պետք է կարողանանք այդ ամենը փաթեթավորել և ներկայացնել»,- ejc.am-ի հետ զրույցում ասում է Մեխակ Ապրեսյանը։
Նա նշում է, որ այսօր օգտագործվում է այս ոլորտում ունեցած ներուժի 20-30 տոկոսը միայն։ Եվ նպատակը պետք է լինի այդ ռեսուրսը վերածել պրոդուկտի։ «Պետք է դա կոմերցիալիզացնենք, բայց երբեք չգերկոմերցիալիզացնենք, բնականը պետք է պահպանենք, որպեսզի համն ու հոտը,  գրավչությունը չկորցնենք։ Չպետք է ընկնենք արտադրականի հետևից և բնականն ու բարձրակարգը մոռանանք։ Զբոսաշրջիկը գալիս է բնականի, համեղի, ավանդականի հետևից, դա մենք երբեք չպետք է մոռանանք, դրա մասին պետք է խոսենք»,- հավելում է Ապրեսյանը։
Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ու Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ)   համատեղ կազմակերպել էին «Ագրոզբոսաշրջային ծառայություններ մատուցող ֆերմերների ճանաչելիության բարձրացում» թեմայով համաժողով։ Միջոցառումը միավորեց Հայաստանի ագրոտուրիզմի  և զբոսաշրջության ոլորտի կարևոր դերակատարներին՝ խթանելու համագործակցությունը և ընդլայնելու ագրոզբոսաշրջության ազդեցությունը։
Այն անցկացվեց ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» (LEAD) և ՀՕՖ-ի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրերի շրջանակներում։ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում (LEAD)» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՄԱԿ ՊԳԿ-ի հետ համագործակցությամբ։
Միջոցառմանը ներկայացվեցին Լոռու և Տավուշի մարզերից 8 ագրոզբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություններ, որոնք աջակցություն են ստացել ՊԳԿ-ի և ՀՕՖ-ի կողմից։
Նրանք ներկայացրեցին, թե ինչպես ագրոզբոսաշրջությունը կարող է նպաստել տեղական տնտեսությունների զարգացմանը՝ առաջարկելով բազմազան փորձառություններ՝ սկսած եզակի հուշանվերների և ավանդական ճաշատեսակների պատրաստումից մինչև գրավիչ ֆերմայում գիշերելը։ Այն թույլ է տալիս այցելուներին անմիջականորեն ներգրավվել գյուղական կյանքի մեջ։
Շատ երկրներում զբոսաշրջության, գյուղատնտեսության և գյուղական ձեռնարկությունների նման համագործակցությունները դարձել են տնտեսական կայունության առանցքային բաղադրիչներ, և այս մոտեցումը մեծ ներուժ ունի նաև Հայաստանի համար։
«Ախթալայի բարիքի տուն» ասոցիացիան հիմնադրվել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության զարգացան աջակցությամբ։ Ասոցիացիայի ներկայացուցիչ Արփենիկ Դարչինյանն ասում է՝ այստեղ մեկ գաղափարի շուրջ են հավաքվել տարբեր զբաղմունք ունեցող կանայք։ Եվ այդ գաղափարն է՝ հիմնել և նպաստել համայնքում ագրո-գաստրոզբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացմանը։
Նա նշում է, որ Հայաստանում ագրոտուրիզմը զարգանում է և ունի պահանջարկ։ «Այն վայրը, որտեղ գործունեություն ենք ծավալում, բավական բանուկ տարածքում է գտնվում, և առանց մեր միջամտության զբոսաշրջիկը մոտենում, հարցեր է տալիս, փորձում է մասնակից դառնալ։ Եվ դա միտք առաջացրեց, որպեսզի մենք այդ հնարավորությունն օգտագործենք»,- նշեց նա։
Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի համակարգող Բոտագոզ Նարտաևան ejc.am-ի հետ զրույցում ասում է, որ ագրոտուրիզմը նոր ուղղություն չէ, բայց Հայաստանում այն ամբողջ պոտենցիալով բացահայտված չէ։  «Եվ այս միջոցառման միջոցով մենք ցանկանում ենք կապել զբոսաշրջային ընկերություններին և ագրոտուրիզմով զբաղվող այն ընկերություններին, որոնք ծառայություն են մատուցում Լոռու և Տավուշի մարզերում»,- նշում է նա։
DSC_4452.JPG (2.10 MB)
Անդրադառնալով միջազգային փորձին՝ Բոտագոզ Նարտաևան ասաց, որ ագրոտուրիզմը զարգացած է, օրինակ, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, աշխարհում զբոսաշրջիկներն այլևս չեն ուզում այցելել միայն թանգարաններ, ձգտում են ավելին տեսնել։ Այն, ինչ առաջարկում է ագրոտուրիզմը, մեկ աստիճան բարձր է։ Եվ Հայաստանում նույնպես կա ոլորտը զարգացնելու պոտենցիալ։ «Ես նախորդ տարի մասնակցել եմ երկու միջոցառման՝ բերքի փառատոնին և պանրի ու գինու փառատոնին և վստահ եմ, որ Հայաստանն այդ պոտենցիալն ունի։ Կարծում եմ՝ այն զբոսաշրջիկները, որոնք գալիս են Հայաստան և հետաքրքրված են ագրոտուրիզմով, նրանք սովորական զբոսաշրջիկներ չեն, նրանք պոտենցիալ ունեն ամբողջովին ներգրավվելու այդ շղթայում ու զարգացնելու գյուղատնտեսությունը»- ասում է նա։
Միջոցառման մասնակիցներն առանձնահատուկ ուշադրություն դարձրեցին ագրոզբոսաշրջության զարգացման գործում կառավարության և մասնավոր հատվածի աջակցության, մարքեթինգային ռազմավարությունների կիրառման, ֆերմերների թվային հմտությունների զարգացման, ինչպես նաև ներքին ու միջազգային զբոսաշրջիկների ներգրավման համար անհրաժեշտ բարելավված ենթակառուցվածքների կարևորությանը։
Մեխակ Ապրեսյանը կարևորում է այն, որ ոլորտի զարգացման քաղաքականությունը պետք է լինի ճիշտ ու համակարգված։ «Եթե մենք ունենանք միասնական տնտեսական քաղաքականություն և գիտակցենք գյուղատնտեսության, տուրիզմի զարգացման կարևորությունը՝ որպես ռազմավարական ճյուղեր, այստեղ կարելի է մտածել ճիշտ, հարմարեցված ու բարենպաստ հարկային ու օրենսդրական դաշտ ձևավորելու մասին»,- ասաց նա։ 
Հարցին, թե ո՞ր մարզերում է ավելի շատ զարգացած ագրոտուրիզմը, Մեխակ Ապրեսյանը պատասխանեց, որ կան մարզեր, որտեղ հնարավորություններ կան, բայց, ցավոք, տուրեր չկան, պրոդուկտները փաթեթավորված ու գովազդված չեն դեռևս։ Որոշ համայնքների ճանաչվածության մակարդակը պետք է բարձրացնել, որտեղ կան հետաքրքիր ֆերմերային տնտեսություններ։ Օրինակ, Ապրեսյանի խոսքով, այս առումով հսկայական ներուժ ունեն նաև Աշտարակն ու Արմավիրը,  որը պետք է բացահայտել ու ներկայացնել։
ՀՕՖ տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Էրիկ Բաղդասարյանի խոսքով՝ ագրոզբոսաշրջության ոլորտում չբացահայտված պոտենցիալը, հատկապես հյուսիսային մարզերում է։ ՀՕՖ-ը կենտրոնացած է Տավուշի մարզի տեղական զարգացման ծրագրերի վրա, և արդեն 10 տարի է՝ աղքատության հաղթահարման ծրագիր է իրականացնում Տավուշում։ «Եվ այս տարիների ընթացքում տեսնում ենք, թե ինչ զարգացումներ կան։ Եթե տարիներ առաջ այս մասին խոսելը դեռ վաղաժամ էր, հիմա, երբ ներգնա տուրիզմը շարունակում է աճ ապրել, նոր վայրերի ու նոր փորձառությունների բացահայտումը նույնպես զարգանում է։ Եվ այդտեղ ագրոտուրիզմն իր դերն ու նշանակությունն ունի։ Կան ծառայություններ,  վայրեր, որոնք կարող են բավական հետաքրքիր լինել և երևանցիների, և Հայաստան այցելած օտարերկրացիների համար։ Միևնույն ժամանակ դա բերում է ծառայությունների որակի որոշակի բարելավմանը, նոր մտքերի գեներացմանն ու տեղական զարգացմանը։ Մարդիկ, ապրելով մարզում կամ գյուղական բնակավայրում՝ տուրիզմի միջոցով վերարժևորում են այն բնակավայրը, որտեղ ապրում են»,- նշում է Էրիկ Բաղդասարյանը։
DSC_4465.JPG (623 KB)
Շիրազ Պողոսյանն Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղից եկել ու մասնակցում էր համաժողովին՝  ծանոթանալու իրենց գաղափարները կյանքի կոչած կազմակերպությունների փորձին, ինչպես նաև ոլորտի փորձառուներին ներկայացնելու համագործակցության իր ծրագրերը։ 
«Ունենք ֆերմերային տնտեսություն, բայց նպատակ կա զբաղվել տուրիստների ներգրավմամբ։ Զբաղվում ենք պանրի արտադրությամբ, տուրիստներին փորձում ենք մասնակից դարձնել հենց արտադրական պրոցեսին և ապա նրանց համար , բնական կաթնամթերքի համտես կազմակերպում։ Գաղափարները շատ են․ իրենց ձեռքով պատրաստած հայկական տաք լավաշն ու պանիրը միասին վայելելու հնարավորություն տալ հյուրերին, էնդեմիկ խոտաբույսերի թեյեր առաջարկել ։ 
Որոշակի փորձ արդեն ունենք․ զբոսաշրջիկները եկել են, մասնակցել  արտադրության գործընթացին, համտեսել, արտադրանքը գնել են։ Մեզ համար կարևոր է նմանօրինակ հանդիպումների ժամանակ նոր կապեր ստեղծելը, կոնտակտներ փոխանակելը»,- ասում է Շիրազ Պողոսյանը։
«Eden Tour Armenia» տուրիստական գրասենյակի հիմնադիր տնօրեն Սուսաննա Աղաբաբյանը նույնպես փաստում է, որ ամբողջ աշխարհում էկո տուրիզմի զարգացման միտում կա։ Քաղաքաբնակ մարդկանց գրավում է գյուղական միջավայրը։ «Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ որպես էկոտուրիզմ առաջարկող երկիր։ Մեր արտադրողները ներկայացնում են իրենց պորդուկտը, մեզ մնում է դա ներառել մեր փաթեթներում, որովհետև շատ կարևոր է, որ տուրիստը հասնի նաև գյուղեր, ինչը կբարելավի նաև գյուղաբնակների կյանքը, կստեղծվեն հավելյալ աշխատատեղեր։ Ամենակարևորը՝ գյուղում սնվելը համեղ ու մատչելի է»,- ասում է Սուսաննա Աղաբաբյանը՝ հավելելով, որ պետության աջակցության կարիքը կա այս ոլորտին։
DSC_4496.JPG (604 KB)