Պատմության մեջ ամենամեծ ԱՏՁՄ համագումարը․ ավելի քան 200 ընկերություն և 92% աճ

Պատմության մեջ ամենամեծ ԱՏՁՄ համագումարը․ ավելի քան 200 ընկերություն և 92% աճ

Առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) համագումարը դարձավ ամենամեծը կազմակերպության պատմության ընթացքում։ Այսօր Միությունը ներկայացնում է ավելի քան 200 ընկերություն, որոնք գործում են տարբեր ոլորտներում և կլաստերներում, բայց միավորված են Հայաստանում տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ընդհանուր առաքելությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը՝ հանդես գալով միության 24-րդ համագումարում։

«Մենք աշխատում ենք չորս ռազմավարական ուղղություններով՝ բիզնես էկոհամակարգի զարգացում, կրթության և աշխատուժի զարգացում, տեխնոլոգիաների կիրառություն և հայկական տեխնոլոգիաների զարգացում միջազգային շուկաներում», – նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ սա չի մնացել աննկատ ո՛չ կառավարության, ո՛չ էլ Ազգային ժողովի կողմից։ Միությունն արժևորում է ոլորտի նկատմամբ աճող ուշադրությունը և շարունակում է զարգանալ աննախադեպ տեմպերով։ Դրա անդամների թիվը կրկնապատկվել է, և այսօր ԱՏՁՄ-ն միավորում է 216 ընկերություն։

«Անցած տարի մենք գրանցեցինք 92% աճ՝ ավելացնելով անդամների թիվը 118 ընկերությամբ։ Այս աճը մեզ հնարավորություն տվեց ներկայացնելու այն ընկերություններին, որոնք կազմում են խոշոր հարկատուների կողմից վճարվող հարկերի 70%-ը։ 2024 թվականին խոշոր հարկատուները վճարել են 84,4 միլիարդ դրամ, որից 61,4 միլիարդ դրամը վճարել են այն ընկերությունները, որոնց ներկայացուցիչները ներկա են այս համագումարին», – հավելեցին ԱՏՁՄ-ում։

Հատուկ ուշադրության է արժանի նաև անցած տարի տեղի ունեցած DigiTech ցուցահանդեսը, որը դարձավ պատմության մեջ խոշորագույնը՝ համախմբելով 186 ընկերություն և 84 ստարտափ, ինչը ընդգծում է նորարարությունների աճող դերը երկրի տնտեսության մեջ։

Նշենք, որ այսօր համագումարի շրջանակում նախատեսվում է Միության նոր ղեկավարության ընտրությունը, ինչպես նաև կքննարկվի ընթացիկ տարվա գործունեության ծրագիրը։