ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանային անցակետերի արդիականացման եւ համատեղ հսկողության անցակետի ստեղծան ծրագրի իրականացման ընթացքին, ինչպես նաեւ երկու երկրների մաքսային մարմինների միջեւ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի բարելավմանն ու լիարժեք գործարկմանը։
Քննարկվել է նաեւ Վրաստանի տարածքով էլեկտրոնային կապարակնիքներով կնքված՝ բեռնված տրանսպորտային միջոցների տեղափոխման նպատակով անհրաժեշտ գործողությունների իրականացման պլանի ապահովման հետ կապված հարցեր։ Կողմերը գոհունակություն են հայտնել մաքսային եւ հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության պայմանագրերի արդյունավետ կիրառման եւ հնարավոր իրավախախտումների դեմ պայքարին ուղղված համատեղ ջանքերի ներդրման վերաբերյալ։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը եւ կատարելագործել երկկողմ փոխգործակցության բարելավմանն ուղղված գործիքներն ու մեխանիզմները՝ հաշվի առնելով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները։