Նոր Խարբերդն ամբողջությամբ կգազաֆիկացվի

Կառավարությունը որոշեց ընդլայնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի գազամատակարարման ցանցիը․ կգազաֆիկացվի Նոր Խարբերդ թաղամասն ամբողջությամբ։
Հիմնավորման մեջ նշվում է, որ թաղամասը, որտեղ բնակվում է շուրջ 10 հազար մարդ, ի սկզբանե չի ունեցել գազամատակարարման, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կոյուղատար), էլեկտրամատակարարման, ոռոգման ջրի, արտաքին լուսավորության ձևավորված կայուն գործող համակարգեր:
ՏԿԵՆ «Տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից Նոր Խարբերդ թաղամասում 2024-ից մեկնարկել և իրականացվում են 73650 գծմ ջրամատակարարման նոր ցանցի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2025 թվականին:
Թաղամասում բնակելի տների ջեռուցումն իրականացվում է մետաղյա վառարաններով՝ վառելափայտի միջոցով (հիմնականում տրամադրվում է համայնքի կողմից, որպես սոցիալական աջակցություն) կամ էլեկտրական ջեռուցիչների և տաքացուցիչների միջոցով։ Գազամատակարարման առկայության դեպքում ջեռուցումը կդառնա ավելի մատչելի և անվտանգ, ինչպես նաև՝ կապահովվի օբյեկտների շահագործման հուսալիությունը և անվտանգությունը։
Թաղամասի բնակելի տներին կից առկա են հողատարածքներ և գազաֆիկացման առկայության դեպքում հնարավորություն կընձեռվի բնակիչների կողմից ջերմոցային փոքր տնտեսություններ վարել։
Գազամատակարարման տեսանկյունից Նոր Խարբերդ թաղամասը Երևան քաղաքում մնում է միակ բնակավայրը (թաղամասը), որն ամբողջությամբ զուրկ է գազամատակարարման համակարգից:
Թաղամասն ամբողջական գազիֆիկացնելու համար անհրաժեշտ է գազամատակարարման ցանցն ընդլայնել և թաղամասի բոլոր փողոցներում անցկացնել գազամատակարարման խողովակներ։