Ինչպե՞ս կարող է դադարեցվել պետական գրանցում ստացած վարձակալության իրավունքը (այդ թվում՝ միակողմանի)
Պայմանագրի կողմերից որևէ մեկը կարող է ներկայացնել գրանցված վարձակալության իրավունքի դադարեցման դիմում պայմանագրի գործողության ժամկետի ավարտվելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում:
Եթե այդ ընթացքում չի ներկայացվում սահմանված կարգով դիմումը, ապա պայմանագիրը գործում է անորոշ ժամկետով և նշված դեպքում վարձակալության իրավունքը կարող է դադարեցվել՝
- պայմանագիրը լուծելու վերաբերյալ համաձայնագրի հիման վրա՝ պայմանագրի կողմերից որևէ մեկի դիմումի հիման վրա,
- պայմանագրի կողմերի համատեղ դիմումի հիման վրա,
- օրենքով կամ պայմանագրով նախատեսված՝ պայմանագրից հրաժարվելու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթղթի հիման վրա՝ պայմանագրի կողմերից որևէ մեկի դիմումի հիման վրա:
- Ընդ որում՝ պատշաճ ծանուցում է համարվում այն ծանուցումը, որը կատարվել է պատվիրված նամակով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ օրենքով սահմանված հրապարակային եղանակով՝ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցումը տեղադրելու միջոցով, որի դեպքում 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
- դատական ակտի հիման վրա՝ պայմանագրի կողմերից որևէ մեկի դիմումով կամ շահագրգիռ անձի կամ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմնի ներկայացմամբ,
- եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսված է որոշակի իրադարձությունների վրա հասնելու պայմաններում պայմանագրի գործողության դադարեցում, ապա այդ փաստը հաստատող փաստաթղթի հիման վրա՝ պայմանագրի կողմերից որևէ մեկի դիմումի հիման վրա։
Նշված դեպքերը կիրառելի են նաև վարձակալության պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում գրանցված վարձակալության իրավունքի դադարեցման ժամանակ։
Պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ են համարվում՝
- պատվիրված նամակով ծանուցման դեպքում՝ ծանուցման պատճենը և ծանուցումը հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը,
- օրենքով սահմանված հրապարակային եղանակով ծանուցման դեպքում՝ պատվիրված նամակի հետադարձ ծանուցումը և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցումը տեղադրելու քաղվածքը։