Պետպատվերով հատկացվող որոշ դեղեր այլընտրանք կունենան․ քաղաքացին կգնի, գնի տարբերությունը կվճարի պետությունը

Պետպատվերով հատկացվող որոշ դեղեր այլընտրանք կունենան․ քաղաքացին կգնի, գնի տարբերությունը կվճարի պետությունը

Կառավարության որոշմամբ՝ ապրիլի մեկից սիրտ-անոթային հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցող հիվանդների համար կմեկնարկի պետպատվերի շրջանակում դեղերի հատկացման փորձնական նոր ծրագիր։ Նախագծի համաձայն՝ ծրագրի շահառուն հնարավորություն կունենա ստանալ կամ որոշակի համավճարով ձեռք բերել իր բուժման համար նշանակված ոչ միայն մեկ տեսակի, այլև ցանկացած արտադրության նույնանուն դեղ։ Պիլոտային ծրագրի ավարտը նոյեմբերի 30-ն է։ Արդյունքների ամփոփմամբ պարզ կդառնա՝ առողջապահության համապարփակ ապահովագրության անցնելու կարևոր այս բաղադրիչը հաջողվա՞ծ է, թե՞ ոչ։

Սիրտ-անոթային հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցող հիվանդների համար ապրիլի մեկից առողջապահության նախարարությունը կսկսի փորձնական նոր ծրագիր։ Առողջապահության նախարարը սոցցանցային իր էջում բացատրել է՝ նոր նախաձեռնությունը թույլ կտա, որ քաղաքացին պետպատվերով ստացվող դեղերի  ընտրության հնարավորություն ունենա։ Այսինքն՝ եթե պետպատվերով հատկացվող մի դեղի փոխարեն քաղաքացին դեղատնից գնի նույն ազդող նյութը պարունակող մեկ այլ դեղ, որը ներառված է փոխհատուցվող դեղերի ցանկում, ապա գնի տարբերությունը պետությունը կվճարի։ 

Ըստ նախագծի` բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի նշյալ հիվանդություններն ունեցող անձինք  հնարավորություն կունենան  ստանալ կամ որոշակի համավճարով ձեռք բերել ջեներիկ, այսինքն՝ օրիգինալ դեղամիջոցի ակտիվ բաղադրատարրը կամ ազդող նյութը պարունակող դեղը։ Ուշագրավն այն է, որ հիվանդը կարող է ընտրել իր նախընտրած արտադրողի կամ նույն ազդող նյութը պարունակող իր նախընտրած դեղը։

Գործող ընթացակարգով՝ քաղաքացին ներկայում պոլիկլինիկաներից անվճար ստանում է գնման գործընթացով ձեռք բերվող դեղեր, ընտրության հնարավորություն չկա՝ «Ռադիոլուրին» ասում է  ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանը և նկատում՝ շատ են դեպքերը, երբ քաղաքացին հրաժարվում է պետության  տրամադրած դեղից հենց որակի պատճառով։

«Օրինակ, եթե մարդն ունի սիրտանոթային հիվանդություն և Ամլոդիպինի (դա համընդհանուր անվանումն է) կարիք, նախկինում պոլիկլինիկան տենդեր էր հայտարարում և ամլոդիպինի խմբից մի դեղ էր գնում, ինչը կարող է այս մարդու՝ արդեն տարիներ շարունակ ընդունած դեղին չհամապատասխանել, ու նա  ստիպված հրաժարվում էր պոլիկլինիկայի առաջարկած դեղից։ Հիմա եթե  մարդն այդ դեղը խմում է տարիներ շարունակ, ինքը կարող է գնալ դեղատուն, տեսնել, եթե այդ  դեղն ընկած է փոխհատուցվող դեղերի ցանկում, վերցնի դա»։

Եթե բժշկի նշանակած, սակայն բուժառուի ընտրած դեղը պետության կողմից սահմանված սահմանաչափից ավել արժենա, ապա քաղաքացին կվճարի միայն սահմանաչափից ավել գումարը։ Եթե  տվյալ արտադրության դեղը պետության կողմից փոխհատուցման շրջանակի մեջ տեղավորվում է, ապա քաղաքացին ոչինչ չի վճարում՝ բացատրում է ՊԱԳ պետը։ Սակայն պետությունը դեռ չի սահմանել՝ որ դեղի համար որքան է գնի առավելագույն սահմանաչափը, քանի որ հստակեցված չէ նաև դեղերի ցանկը՝ ասում է ՊԱԳ պետը։ Մինչև ապրիլ այդ հարցերն էլ կկարգավորեն։

Սամվել Խարազյան. «Քաղաքացին կարող է դեղատանը հարցնել, օրինակ, ամլոդիպինի գերմանական արտադրությունը կամ 500 մգ-ն կա՞։ Այդ դեպքում դեղատան աշխատողի հետ պարզում են դեղի համար պետության կողմից սահմանված գնի առավելագույն սահմանաչափը։ Եթե  դեղի արժեքը սահմանաչափի շրջանակում է, քաղաքացին որևէ գումար չի վճարում։ Իսկ եթե, օրինակ սահմանաչափը 1000 դրամ է, բայց դեղն արժի 1200 դրամ, 200դրամն  է վճարում քաղաքացին, որն էլ արտացոլվում է ընդհանուր համակարգում»։

Փոխհատուցվող դեղերը շահառուին հատկացվում են նրա դիմելուց հետո 24 ժամվա ընթացքում՝ դրանից ոչ ուշ՝ միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգով շահառուին նույնականացնելուց անմիջապես հետո:

Նախագիծը կիրագործվի այն դեղատների հետ, որոնք պայմանագրին միանալու համաձայնություն կտան։ Նախարարությունը դեռ պետք է հաստատի պայմանագրին միանալու համաձայնության ձևը և պայմանները։ Ըստ Սամվել Խարազյանի՝ ծրագրին միացած դեղատներում կլինեն փոքր էկրաններ, որոնց վրա կցուցադրվեն տրամադրվող դեղերի ցանկը, գնացուցակը, քաղաքացու կողմից վճարվող գումարի չափը։ Դեղատան աշխատողը վաճառքի վերաբերյալ բոլոր տվյալները պետք է ներմուծի համակարգ։ Ըստ դրա է, որ պետությանը պետք է հիմնավորվի, թե որքան գումար է վճարել քաղաքացին, որքան է փոխհատուցվելու դեղատանը։  Խարազյանը մանրամասնում է․

«Դեղատան աշխատողը դեղը  բաց է թողնում, և այդ պահին արդեն այն ՀԴՄ համակարգով անցնում է, տվյալները գալիս են մեզ մոտ, ու մենք տեսնում ենք, որ, օրինակ,  երկրորդ խմբի հաշմանդամ Խաչատուր Խաչատրյանն էլեկտրոնային դեղատոմսով գնել է Ամլոդիպինի կոնկրետ անվանմամբ դեղը, դրա համար  վճարել է  հավելյալ 200 դրամ։ Այդ ամբողջ գործընթացը մենք ստանում ենք, հետո այդ տվյալների հիման վրա փոխանցում գումարը դեղատանը։ Ենթադրենք՝ դեղն արժեցել է 1200 դրամ։ 1000 դրամը փոխանցում ենք դեղատանը»։

Նախագիծը կյանքի կոչելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային բաց հարթակ։ Այդտեղ մուտք գործելով` ամեն քաղաքացի և դեղատուն կարող են ծանոթանալ փոխհատուցվող դեղերի ցանկին, գնացուցակին, իր ու պետության կողմից վճարվող գումարի չափին։

Նախարար Անահիտ Ավանեսյանը, շտապելով հայտնել իր կողմից կարևորվող այս տեղեկությունը, սոցցանցում հրապարակած տեսանյութում նշել է, որ անձամբ է հետևելու ընթացքին։

«Հաջորդիվ անակնկալ այցելելու եմ պոլիկլինիկաներ` տեսնելու, թե ինչպես է այնտեղ դուրս գրվում դեղատոմսը, և մեր բուժառուի հետ գնալու ենք  դեղատուն և տեսնելու ենք, թե ինչպես է իրականացվում այս նախագիծն իրական կյանքում»։

Ապրիլի մեկից մեկնարկելիք ծրագիրը կտևի մինչև նոյեմբերի 30-ը։ Արդյունքներն ամփոփելուց հետո գերատեսչությունը կորոշի՝ շարունակել ծրագիրը, թե ոչ։

Աղբյուրը՝ hy.armradio.am