Դ․ Ազատյան․ Սպառողական վարկերի տրամադրումը կարող է սահմանափակվել

Դ․ Ազատյան․ Սպառողական վարկերի տրամադրումը կարող է սահմանափակվել
Բանկերը կարող են սահմանափակել, զսպել սպառողական վարկերի տրամադրումը, եթե Հայաստանի կենտրոնական բանկն առաջիկայում խստացնի վարկավորման նկատմամբ վերահսկողությունը, ինչի մասին մտադրությունը արտացոլված է փետրվարի 13-ին հրապարակված «ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ բանկերի նկատմամբ 2025-2027 թվականներին իրականացվող պրուդենցիալ վերահսկողության առաջնահերթություններ» փաստաթղթում։
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի կարծիքով, ԿԲ որոշումը պայմանավորված է ՀՀ բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի կենտրոնացվածությամբ․ 2024թ–ին բանկերի կողմից տրամադրված վարկերի 45 տոկոսը կազմել են հատկապես հիփոթեքային և սպառողական վարկերը։
«Եթե ընդունենք, որ հատկապես հիփոթեքային վարկավորման աճը պայմանավորված է եղել եկամտահարկի վերադարձի սահմանափակման հետ, կարող ենք ենթադրել, որ 2025-ին մենք հիփոթեքային վարկերի աճ չենք ունենա։ Իսկ ինչ վերաբերում է սպառողական վարկերին, դա, իմ կարծիքով ԿԲ–ին ավելի տեսանելի է։ Կարծում եմ` բանկերը հարգանքով կմոտենան այդ որոշմանը, և հնարավոր է`ռիսկերի զսպման կոնտեքստում զսպեն նաև սպառողական վարկերի տրամադրումը»,– ասաց Դանիել Ազատյանը՝ հավելելով, որ Հայաստանում բանկերի կապիտալացման աստիճանը բարձր է, բանկերը կարող են զսպել ռիսկերը՝ շարունակելով վարկավորումը։
Շինարարության ծավալների հնարավոր կրճատման ու դրա հետևանքով բանկային համակարգում վարկավորման ծավալների նվազման հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ բանկերում վերլուծություններ արվել են, ու պատրաստվել հնարավոր սթրեսային իրավիճակներին դիմակայելուն։
«Ես վստահ եմ, որ բանկերի սթրես–սցենարներում նաև շինարարության մասով ծրագրերը ներառված են, և ճշգրտումներ 2025թ–ին դրանց մասով կլինեն»,– ասաց Ազատյանը։