Հայաստանն ունի երկարաժամկետ էներգետիկ անվտանգության կարիք. ԵՄ դեսպան

Հյուսիս-հարավ ճանապարհը , մասնավորապես՝ Լանջիկ-Գյումրի հատվածը ստացել է ԵՄ աջակցությունը, Գյումրին շրջանցող ճանապարհը նույնպես ԵՄ-ն է ֆինանսավորվում: ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ասել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ներկայացնելով ՀՀ-ԵՄ համագործակցության արդյունքները «Դիմակայունություն և աճ» ծրագրի մասով, որի շրջանակում վարկերի և դրամաշնորհների միջոցով ավելի քան 600 մլն եվրոյի ներդրումներ են արվել:
«Սրանք շատ կոնկրետ ծրագրեր են, որոնք կարևոր են ոչ միայն բիզնես, այլև ճանապարհային անվտանգության տեսանկյունից: Գլոբալ դարպասի շրջանակներում Քաջարան ճանապարհը նույնպես կբարելավվի, որպեսզի բարելավվի ճանապահային անվտանգությունը, և մոտեցնի Սյունիքը Երևանին ու երկրի մյուս հատվածներին»,- ասաց նա:
Անդրադառնալով այլ երկրներից էներգետիկ կախվածության թեմային՝ Մարագոսը նկատեց, որ Հայաստանն ունի երկարաժամկետ էներգետիկ անվտանգության կարիք:
«Այս առումով ԵՄ-ն աջակցում է Հայաստանի այնպիսի նախաձեռնություններին, ինչպես, օրինակ, «Սևծովյան մալուխ»-ն է: «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցը» նույնպես մեր ուշադրության կենտրոնում է, որպեսզի Հայաստանը կարողանա վերականգնվող էլեկտրաէներգիա ունենալ»,- ասաց նա: