Հայաստանի պարենային անվտանգությունն ու մարտահրավերները

Բուսական յուղ, կաթնամթերք, միս․ միջազգային շուկայում անցած տարի այս ապրանքախմբերում գների բարձրացում է արձանագրվել։ Սրանք հինգ հիմնական ապրանքախմբերից երեքն են, նրանց գումարվում են նաև հացահատիկային արտադրանքն ու կաթնամթերքը։ Արդյունքում ձևավորվում է ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության համաշխարհային գների ինդեքսը։ Այն հրապարակվում է ինչպես ամսական, այնպես էլ տարեկան կտրվածքով։ Չնայած հինգ հիմնական ապրանքախմբերից երեքում գները բարձր են եղել, այդուհանդերձ տարեկան կտրվածքով դրանք նվազում են արձանագրել՝ մոտ 2 %ով։
«Սա հացահատիկի գների 13․3% և շաքարի գների 13․2% կտրուկ նվազումների հաշվին է»,-ejc.am-ի թղթակցի հետ զրույցում արձանագրում է ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության ավագ տնտեսագետ Վարդան Բարսեղյանը։ Ընդգծում է՝ թե երեք հիմնական ապրանքախմբերում գրանցված գնաճի, և թե կտրուկ նվազման դեպքում ազդում են ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ բնակլիմայական պայմանները։ Առանձին խմբերի դեպքում այլ գործոններ նույնպես կան։
«Կաթնամթերքի դեպքում՝ կարագի գինն է կտրուկ բարձրացել, շաքարի գնի նվազման դեպքում՝ արտադրող երկրներում շաքարեղեգի արտադրության բարձր աճ է ակնկալվում։ Հացահատիկի շուկան կայուն է, քանի որ բերքի ծավալներն են մնացել անփոփոխ»,- բացատրում է մասնագետը։ Գների ինդեքսի հաշվարկման հիմքում 2014-2016թթ միջին ցուցանիշներն են։
Պարենային անվտանգության համաշխարհային մարտահրավերներ․ Էկոնոմիկայի նախարարությունն է մատնանշում
Կլիմայի փոփոխություն, աշխարհաքաղաքական փոփոխություն, հակամարտություններ․ այս գործոններն են, որոնք կարող են հանգեցնել մատակարարման շղթաների խափանումներին, հետաձգված մատակարարումների, լոգիստիկ երթուղիների փոփոխությունների։ Նախարարությունում վստահեցնում են, որ առաջացող մարտահրավերներին դիմակայելու, ռիսկերը նվազեցնելու նպատակով կատարել են ցորենի, եգիպտացորենի ու բուսական յուղի այլընտրանքային շուկաների ու լոգիստիկ ծախսերի, ՀՀ արտահանվող ու ներմուծվող ապրանքների, ներկայում ու հեռանկարում օգտագործվող երթուղիների համապարփակ վերլուծություններ։ Միջազգային կառույցների հետ առանձին ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվում են աշխատանքներ։
Էկոնոմիկայի նախարարությունը մշակել ու հաստատել է «2020-2030թթ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը»։ Փաստաթուղթը մշակվել է ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության ու USAID-ի մասնագետների աջակցությամբ։ Այն ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության ավագ տնտեսագետ Վարդան Բարսեղյանը կարևորում է, բացատրում է՝ հին ռազմավարության ժամկետն ավարտվում էր։ Բացի այդ, անհրաժեշտ էր ունենալ գյուղատնտեսության զարգացման տեսլական, մշակել գործողությունների ծրագիրն ու առաջնահերթությունները։ Թիմային աշխատանքը արդյունք տվեց։ Արդեն սեղանին է և իրականացվում է ռազմավարությունը, որն ուղղված է գործնականում հանդիպող խնդիրների լուծմանը՝ ասում է Վարդան Բարսեղյանը։
Սահմանվել են առաջնահերթությունները, դրանց հասնելու միջոցառումները, որոնք նպատակաուղղված են գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանը, պարենային ու սննդի անվտանգությանը,մարդկային ռեսուրսների կառավարմանը, թվային գյուղատնտեսության զարգացմանը։ Փաստաթուղթը գրվել է 2019-ին, երբ իրավիճակը՝ ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ հայաստանյան, բոլորովին այլ էր։ Տնտեսագետը կարծում է, որ ռազմավարությունը այդուհանդերձ վերանայման կարիք ունի։
Էկոնոմիկայի նախարարությունը գործողությունների պլանն արդեն վերանայել է՝ համապատասխանեցնելով արդի մարտահրավերներին ու իրավիճակին։ ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը Հայաստանի տարբեր մարզերում բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնք վերջնարդյունքում նաև ռազմավարության իրականացմանն են նպաստում։
2020-2030թթ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունում առանցքային է թվային բաղադրիչը։ Այժմ ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը խաղողի ոլորտի թվայնացման ծրագիր է իրականացնում։ Փորձում են խաղողագործների ու գինու արտադրողների համար ռեեստր ստեղծել։ Բացի այդ, ՄԱԿ-ի ՄԱԶԾ-ի հետ համատեղ ծրագիր է իրականացվում մարզերում՝ ֆերմերների հզորացման նպատակով։ Այս ծրագիրը ևս ռազմավարությունում նախանշված առաջնահերթություններից է։
Ո՞ր ապրանքատեսակներն են ինքնաբավ Հայաստանում, նախանշվող քայլերը
Էկոնոմիկայի նախարարությունը ինքնաբավության ցածր մակարդակ ունեցող ապրանքների հասանելիությունը ու մատչելիությունը ապահովելու նպատակով ԵԱՏՄ շրջանակներում սահմանել է քվոտաներ՝ տավարի, թռչնի, խոզի մսի ու սերուցքային կարագի մասով։ Վեց ամսով արգելվել է ցորենի, եգիպտացորենի, գարու և հնդկացորենի արտահանումը։ 2023-ից ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ձեռք է բերվել կենսապես կարևորագույն ապրանքների՝ ցորենի, եգիպտացորենի, գարու, բուսական յուղի ու շաքարի մատակարարման փոխհամաձայնություն։
Հայաստանում ինքնաբավության բարձր մակարդակ ունեն հետևյալ ապրանքախմբերը՝ միրգ ու հատապտուղ ՝ 103․1 %, բանջարեղեն ու բոստանային կուլտուրաներ՝ 97․4 %, խաղող՝ 106․6 %, ոչխար ու այծի միս՝ 106․1 %, ձու՝ 98․8 %, կարտոֆիլ՝ 99․2 %։
Միջին ինքնաբավության մակարդակ առկա է տավարի մսի ՝ 90․7 %, կաթի ՝ 80․2 % դեպքում։ Էկոնոմիկայի նախարարությունից ejc.am-ին փոխանցում են նաև, որ կան կարևորագույն մի շարք ապրանքներ, որոնք Հայաստանում ունեն ինքնաբավության ցածր մակարդակ՝ խոզի միս՝ 48 %, հատիկաընդեղենային մշակաբույսեր՝ 35․2 %, ցորեն՝ 27․9 %, բուսական յուղ՝ 0 %, թռչնի միս՝ 25․7 %։ Գերատեսչությունում բացատրում են՝ շաքարն արտադրվում է ներմուծված կիսաֆաբրիկատներով, ուստի այն ինքնաբավության մակարդակ չունի։ Այս ու նմանատիպ մյուս ապրանքների պահանջարկն ապահովվում է ներմուծման հաշվին։ Հայաստանում պարենային անվտանգության իրավիճակի բարելավման ու ռիսկերի կառավարման համար 50 միջոցառում է իրականացվում; Գերատեսչությունում Էկոնոմիկայի նախարարությունը մեկ շնչին ընկնող պարենային ապահովության մակարդակի հաշվարկներ չի իրականացնում։ Պատերազմական ու ֆորսմաժորային այլ իրավիճակներում երկրներն իրենց պարենային անվտանգության հարցերը լուծում կամ մեղմում են հումանիտար պարենային օգնության ու միջազգային աջակցության ներգրավմամբ, մատակարարման աղբյուրներն են դիվերսիֆիկացնում, գնաճն են զսպում, պահուստներն են օգտագործում, անցնում են պարենապահովման ու սննդամթերքի բաշխման արդյունավետ ու խնայողական համակարգի։