«Դավիթբեկյան խաղեր 2022»․ հայրենաճանաչման և ինքնաճանաչման փառատոնները՝ ներքին տուրիզմի զարգացման նախադրյալ

«Դավիթբեկյան խաղեր 2022»․ հայրենաճանաչման և ինքնաճանաչման փառատոնները՝ ներքին տուրիզմի զարգացման նախադրյալ

Վրանային ճամբարներ, արշավներ,  ռազմամարզական, մշակութային  միջոցառումներ,  այցելություններ Կապանի զբոսաշրջային, պատմամշակութային վայրեր, տարաբնույթ մրցույթներ, վիկտորինաներ․․․

Առաջին անգամ Հայաստանում անցկացվող համահայկական «Դավիթբեկյան խաղեր 2022» երիտասարդական հայրենասիրական ամենամյա մրցույթ-փառատոնը հուլիսի 25-ից օգոստոսից 1-ը Կապանում կհամախմբի Հայաստանի տարբեր բնակավայրերից ժամանող հյուրերի՝ նրանց հնարավորություն տալով անմիջապես ծանոթանալու Կապանի հնամենի պատմությանն ու մշակույթին, ուսումնասիրելու գեղատեսիլ վայրերը, 7 օր շարունակ հանգստանալու, մրցելու, նոր գիտելիքներ ստանալու, կոփվելու  Կապանի բնության գրկում։  

Kapan qaxaq.jpg (164 KB)

Համահայկական մրցութային փառատոնը բաղկացած կլինի մշակութային և ռազմամարզական բաղադրիչներից։ Ռազմամարզականը ենթադրում է կրակային մրցույթ, ուժային վարժություններ, արգելքների գոտու հաղթահարում, տեղաշարժ կոորդինատով, կողմնորոշում տեղանքում, արշավներ, առաջին բուժօգնության ցուցաբերում և այլն։ Իսկ մշակութային մասն իր մեջ կներառի վիկտորինաներ՝ պատմական, հոգևոր, մշակութային թեմաներով,  կլինեն ազգագրական պարերի  երեկոներ, ռազմահայրենասիրական զրույցներ և այլն։

«Մենք ցանկանում ենք, որ մեր հայրենիքը լինի ուժեղ, որ մեր աճող սերունդը լինի խելացի ու հայրենատեր, ֆիզիկապես ամուր, պատրաստ՝ հաղթահարելու ցանկացած դժվարություն։ Միջոցառման շնորհիվ նպատակ ունենք բարձրացնելու մասնակիցների հայրենասիրական ոգին, վերհիշելու պատմության նշանակալի էջերը և դասեր քաղելու դրանցից։ Ինչպես նաև վերականգնելու միջնադարից եկած, մոռացված, մեր կենցաղում, մշակույթում կարևոր դեր ունեցած սպորտային խաղերը»,-մանրամասնում է  «Դավիթբեկյան խաղեր» հ/կ համահիմնադիր Դավիթ Հակոբյանը;

Փառատոնի հեղինակներն արդեն մի քանի ամիս է իրականացնում են նախապատրաստական, լայնածավալ աշխատանքներ։

Փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացվել Շիրակից, Լոռիից, Երևանից, Սյունիքից՝ շուրջ 100-ից ավելի մասնակից (14-16տ)։  Միջոցառումը կայանալու է Կապան համայնքում՝ ընդգրկելով պատմական տեղանքները՝ Բաղաբերդ ամրոցը, Վահանավանքը, Հալիձորի բերդը և Խուստուփ սարը։

Khustup.jpg (101 KB)

«Նպատակ ունենք այն դարձնելու մեծ, ամենամյա համահայկական փառատոն, որպեսզի Կապանն ու Սյունիքն այդ օրերին լինի աշխարհի կենտրոն, հյուրընկալի հայերին  աշխարհի բոլոր անկյուններից՝ Արցախից, Հայաստանից, Ջավախքից, սփյուռքի բոլոր գաղթօջախներից։ Իմ և «Դավիթբեկյան խաղեր» հ/կ համահիմնադիր, «ԱՐԿ» բնապահպանական հ/կ նախագահ Արմեն Ղազարյանի մոտ վաղուց  ցանկություն, երազանք կար այս գաղափարը կյանքի կոչելու։ Որոշեցինք այն իրագործել հենց այս տարի, երբ լրանում է Դավիթբեկյան ապստամբության 300-ամյակը։  Հատկապես, կարևոր էր նախաձեռնությունը կյանքի կոչել 44-օրյա պատերազմից հետո՝  Սյունիքի շուրջ ծավալվող վերջին անվտանգային իրադարձությունների ժամանակահատվածում»,-նշեց Դավիթ Հակոբյանը։

Վահանավանք.jpg (49 KB) 

Փառատոնի կազմակերպանը ֆինանսապես աջակցելու պատրաստակամություն է հայտնել «Ամրոց» ազգային արժեքների զարգացման հիմնադրամը, իսկ մշակութային միջոցառումների անցկացմանն ամբողջությամբ կաջակցի Կապանի համայնքապետարանը։ Կլինեն նաև մրցանակներհաղթող թիմերի համար։