«Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտերի ընդունումը շարունակվում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների պետական ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու 6-օրյա միջոցառումներին, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և անհատական մենթորության հնարավորություններ:
Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող`
- այն սփյուռքահայերը, որոնք առնվազն հինգ տարի և ավել բնակվում են սփյուռքում և ունեն բնակության երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ
- այն թիմերը, որոնց անդամների առնվազն կեսը սփյուռքահայեր են, ովքեր անընդմեջ առնվազն հինգ տարի և ավել ապրում են սփյուռքում և ունեն տվյալ երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ.
- այն հայրենադարձները, որոնք հինգ տարի և ավել ապրել են սփյուռքում և հայրենադարձվել են վերջին վեց ամիսների ընթացքում:
«Ներուժ» ծրագրի շրջանակում Հայաստանում կկազմակերպվեն ինտենսիվ աքսելերացիոն ծրագիր միջազգային հեղինակավոր աքսելերատորի կողմից, ինչպես նաև այլ միջոցառումներ, որոնք նախատեսված են ձեր ձեռնարկատիրական հմտությունները բարելավելու և հաջողության հասնելու անհրաժեշտ գործիքներով զինելու համար:
Միջոցառումները ներառում են սեմինարներ, պատկերավոր ներկայացման նիստեր (pitch sessions), ցանցային հնարավորություններ (networking opportunities), որոնք ուղղված են ձեր ստարտափի զարգացմանը:
Մանրամասները՝ hightech.gov.am