Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը։ Ի թիվս այլ հարցերի, նախարարն անդրադարձել է իր նախաձեռնությանը՝ հավաքագրել Ներքին գործերի նախարարության ոլորտի առնչությամբ քաղաքացիներից ստացված առաջարկները և իրագործել։ Ա․ Սարգսյանը ներկայացրել է նաև վիզաների ազատականացման գործընթացը։
-Նախաձեռնությունն այն մասին է, որ պետությունը պետք է հաճախ երկխոսության մեջ լինի իր քաղաքացու հետ և հասկանա, թե սահմանված գործընթացները հենց իր քաղաքացու համար որքանո՞վ են հարմարավետ, հասանելի, անվտանգ, կա՞ արդյոք փոփոխության կարիք։ Ըստ այդմ՝ հանրագրի ինստիտուտից զատ, առաջարկել ենք մեր քաղաքացիներին աշխատանքային կարգով ներկայացնել իրենց առաջարկները և ստացել ենք բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասը օրենսդրական, մյուս մասը՝ գործնական կարգավորման տիրույթում են։
Ասեմ, որ քաղաքացիներից ստացված առաջարկների հիման վրա արդեն շուրջ մեկ տասնյակ փոփոխությունների օրենսդրական նախաձեռնություն ունենք պաշտոնական շրջանառության մեջ, որով օրինակ հանվում է վարելու իրավունք ունեցող վարորդի մոտ պարտադիր վարորդական վկայական ունենալու պահանջը, ՀՀ երկքաղաքացիների համար սահմանվում է այլ երկրի վարորդական վկայականով ՀՀ-ում որոշակի ժամկետով վարելու հնարավորություն, սահմանվում է վարորդական իրավունքի քննությունն ավելի սեղմ ժամկետում հանձնելու հնարավորություն՝ վճարելով պետական տուրք, խստացվում է հետիոտնի կողմից արգելված վայրով անցնելու պատասխանատվությունը, որը հաճախ վթարների պատճառ է դառնում, վարորդական իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված պատասխանատվությունը նույնպես խստացվում է և այլն։
Մեր քաղաքացիներն արդեն օգտվում են հերթագրման նոր համակարգից, որը թույլ է տալիս նախապես գրանցվել հաշվառման-քննական ստորաբաժանումներում գործարքների համար, ընտրել համար օր, ժամ և վայր։ Արդեն իսկ մշակել ենք ամբողջովին թվային տիրույթում տրանսպորտային միջոցի առուվաճառքը կազմակերպելու լուծումը, առաջիկայում այն կգործարկվի և մեր քաղաքացիները կկարողանան օգտվել այս լուծումից։ Որոշակի առաջարկներ ենք ստացել նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման մասով, որոնք քննարկման փուլում են։
Առաջարկների հավաքագրումը շարունակվում է, այնպես որ բաց ենք նոր առաջարկների համար։
Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքի վերաբերյալ
-ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը ՀՀ-ԵՄ ավելի լայն համագործակցության մաս է, որը վերջին տարիներին էական զարգացում է ապրել։ Այս երկխոսությունը մի կողմից բերելու է համապատասխան պայմանների ապահովմամբ վիզաների ազատականացմանը, մյուս կողմից՝ կպահպանի շարունակական ջանքերը՝ աջակցելու Հայաստանի համապարփակ բարեփոխումների օրակարգին մասնավորապես այն ոլորտներում, որոնք վճռորոշ են ապագայում առանց վիզայի ԵՄ ճամփորդության համար։ Այդպիսի ոլորտներն են անձը հաստատող փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների և միգրացիայի կառավարումը, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև հիմնարար իրավունքների պաշտպանությունը: Այսինքն՝ սա նաև հնարավորություն է մեզ համար նշված ոլորտներում բարձր ստանդարտներ ապահովելու և առավելագույնս քաղաքացիակենտրոն ծառայություն մատուցելու համար։
Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության այս փուլում խոսակցությունների մակարդակից անցում է կատարվել գործնական փուլի, ինչը նշանակում է, որ մշակվում է գործողությունների կոնկրետ ծրագիր, որում նախատեսված քայլերի իրագործումը պետք է մեզ տանի վիզաների ազատականացմանը։ Գործողությունների ծրագիրը չբանակցվող փաստաթուղթ է լինելու, որը տրամադրելու է եվրոպական կողմը։ Այդ գործողությունների ծրագրի մշակումն ընթանում է մեզ հետ քննարկումների, Հայաստան առաքելությունների գործուղման միջոցով։ Արդեն իսկ ԵՄ առաջին առաքելությունը եղել է Հայաստանում, դրա շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել պատասխանատու գերատեսչությունների հետ, իրականացվել են այցեր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներ, սահմանային և մաքսային կետեր, դիտարկվել են անձը հաստատող փաստաթղթերի անվտանգության, սահմանների համալիր կառավարման և միգրացիոն կառավարման բաղադրիչները։ Հաջորդ առաքելությունը կենտրոնանալու է մյուս բաղադրիչների վրա։
Քանի որ եվրոպական կողմի հետ պարբերաբար ունենում ենք շփումներ թե՛ մեր ունեցած արդյունքների, թե՛ դեռևս լուծում պահանջող հարցերի մասով, ինչպես նաև ուսումնասիրել ենք ԵՄ-ի հետ նման փորձառություն ունեցած երկրների օրինակը, պետք է նկատել, որ գործողությունների ծրագիրն անակնկալ փաստաթուղթ չի կարող լինել մեզ համար, հետևապես մնում է այն ստանալուն պես շարունակել առավելագույնս ջանք գործադրել համապատասխան ուղղություններով։