Կրասարում 270 գլուխ կով բրուցելոզով է վարակված

Կրասարում 270 գլուխ կով բրուցելոզով է վարակված

Անասնատերերը տարակուսած են
Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Կրասար բնակավայրի ֆերմեր Բաբկեն Սահակյանն անելաանելի վիճակում է հայտնվել: Շուրջ 5 օր առաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  մարզային տեսուչները նրա՝ խոշոր եղջերավոր կենդանիներից վերցրած արյան անալիզների պատասխանների լավ լուրով չէին վերադարձել գյուղ: Բաբկեն Սահակյանի  50 գլուխ կովից 37-ի մոտ բրուցելոզ է հայտնաբերվել: Ֆերմերն Ագրոպրոսի հետ զրույցում պատմեց, որ փետրվարին հերթական անգամ անասունների մոտ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով արյուն են վերցրել և լաբորատոր ստուգման տարել, բայց պատասխանից գյուղացին սարսափած է:
 «Սաղ գեղին կա, մենակ մերը չէ, ով ունի 10 հատ կով, 10-ին էլ բրուցելոզ են հանել, ըդպես է: Երկու անգամ արյուն են վերցրել: Մի անգամ արյուն վերցրեցին, ասեցին՝ արյունն է սառել, մի անգամ ասին՝ Գյումրիում պատասխանները ճիշտ չեն, պետք է տանեն Երևան: Մի անգամ գյուղի 300 գլուխ կովից անալիզ տարան 170-ի մոտ բրուցելոզ էր հայտնաբերվել: էս վերջին անգամն էլ  590 գլխից  270-ի մոտ են հիվանդություն հաստատել»,- ներկայացրեց Կրասարի բնակիչը:

Բաբկեն Սահակյանի խոսքով՝ պատկան մարմիններն իրենց ասել են, որ բրուցելոզով վարակված կենդանիները պետք է հարկադիր սպանդի ենթարկվեն: Ֆերմերը, սակայն, նշում է, որ սպանդանոցները հիվանդ կենդանու միսն էժան գնով են տանում, իսկ գյուղացին այդ դեպքում առանց եկամուտ է մնում:
«Գոնե ընպես ծախենք, որ քիչմը մեզի ձեռ տա: Սպանդանոցը տավարի մսի կիլոգրամը 700 դրամով է ուզում, բայց մենք ունենք միլիոնանոց կովեր: Հիմա կովերի ծնի շրջանն է, մարդիկ էդ հորթի հույսին  են, որ նաև կաթը ծախեն ապրեն: Սաղ տարին մենք չարչարվել ենք, որ կովը մեզի եկամուտ տա, հըմի էլ ծախել կուդան: Ամենաստից կովի գինը 500 հազարից բարձր է, տարին էլ 2 տոննա կաթ կուդա: Էդ կովը, որը 700 դրամով տարան, 200 000 դրամ փող է կազմելու: Էդ կովի միսն ու կաթը կուտվի, պիտի լավ ջերմային մշակման ենթարկվի, կաթը եռացնես  սաղ վարակը կհելնի, էդի էն հիվանդությունը չէ, որ միսը թաղես կամ վառես»,-նշեց նա:

Ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա գտնվող, տևական երկար ու ցուրտ ձմեռ ունեցող այս գյուղում անասնապահությունն է զարգացած: Անասնապահությունը  Կրասարի բնակիչների ապրուստի հիմնական միջոցն է: Ըստ գյուղացիների՝ բրուցելոզը գյուղի ոչ մի անասնաֆերմա չի շրջանցել:

Բրուցելոզ հիվանդություն ախտորոշվել է նաև ֆերմեր Կորյուն  Հովհաննիսյանի  կովերի մոտ: Ֆերմերը հայտնում է, որ  իր ֆերմայից 39 խոշոր եղջերավոր կենդանուց նմուշառում են վերցրել, 33-ի մոտ բրուցելոզ է հաստատվել: Նա, սակայն, չի հավատում լաբորատորիայի պատասխաններին: Անասնապահի մոտ բազմաթիվ հարցեր են ծագել:
«Դեկտեմբերին  արյուն են վերցրել ու ասել, որ քո անասունները մաքուր են: Փետրվարին նորից են եկել, մտել իմ ֆերմա, արյուն են վերցրել ու երկու օր հետո ասում՝ հիվանդություն կա: Կովերը մի ամիս է նույն տեղում կապած են, նույն թոկով, դուրս չեն եկել, որտեղի՞ց էդ հիվանդությունը: Դուք լինեք իմ տեղը կհավատա՞ք: Ես չեմ կարա ասեմ,  որովհետև չեմ տեսել՝ այդ արյունը տարե՞լ են լաբորատորիա, թե՝ ոչ:  Հենց իմ ֆերմայից դուրս են եկել, իմ իրավունքները սահմանափակվել են, չգիտեմ՝ ուր են տարել, ստուգե՞լ են, դա ճիշտ է, թե՝ ոչ»,-հարցեր բարձրացրեց նա:

«Տեսուչն ասում է՝ պիտի մորթես, բանկն էլ վարկն է ուզում». Ֆերմեր
Կորյուն Հովհաննիսյանի անասնաֆերմայում գրեթե բոլոր կովերն ազնվացեղ են: Ֆերմերը վարկ է վերցրել և շվից տեսակի կովեր գնել: Հիմա չգիտի՝ վարկն ինչպես է մարելու:
«Սննդի տեսչությունից եկել, թուղթը ձեռքի մեջ թափ է տալիս ու ասում՝ 15 օրվա ընթացքում պիտի մորթես, բանկն էլ զանգել է, թե պիտի բերես վարկդ մուծես, ես ինչ էնեմ, որ պատին տամ գլուխս»,-սրտնեղեց ֆերմերը:
Անասնատիրոջ հաշվարկով, եթե հիվանդ կովերին սպանդի ենթարկի, գումար չի կարողանալու աշխատել և մնալու է բանկին պարտքը:
«Անասունը ծնել է, վրեն միս չկա, ոսկոր է: Մի կիլո միսը կըսեն 500-600 դրամ է: Մի կովն առել եմ 1 մլն 200 հազար դրամ, էդ կովը մորթեցի,  բռնելու է 100 հազար դրամ փող»,- դժգոհեց նա:

Կրասարի վարչական ղեկավար Կարեն Ավետիսյանը նույնպես հաստատեց, որ գյուղում բրուցելոզ է տարածված: Գյուղացիների փոխանցմամբ՝  հիվանդությունը տարածված է նաև հարևան համայնքներում:

Մեծ Սեպասարի վարչական ղեկավար Գարիկ Ավետիսյանը տեղեկացրեց, որ այժմ գյուղում հիվանդություն չկա, բայց մեկ ամիս առաջ բրուցելոզի պատճառով 2-3 գլուխ անասուն են սպանդի ենթարկել:

Կրասարի բնակիչները պատկան մարմինների  ուշադրությունն են հրավիրում այս խնդրի վրա՝ հուսալով, որ իշխանությունն իրենց մենակ չի թողնի:

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

Աղբյուրը՝  agropress.am