Արմավիրի մարզում պատրաստվում են ոռոգման սեզոնին

Արմավիրի մարզում պատրաստվում են ոռոգման սեզոնին

Արմավիրի մարզում 96600 հա գյուղատնտեսական նշանակության հող կա։ Ըստ վիճակագրական տվյալների՝ այդ հողերի գրեթե կեսն է օգտագործվում միայն: Դրանց մեծ մասը վարելահողեր են, մնացածը՝ պտղատու և խաղողի այգիներ: Ոռոգման նպատակով Բաղրամյան համայնքի խոշոր հողատերերը ջրավազաններ են կառուցել և շուտ են սկսում գյուղատնտեսական աշխատանքները: Իսկ մինչև ոռոգման շրջանի մեկնարկը, ջուրօգտագործող ընկերությունները կարգի են բերում մարզում ջրատարները:  

Բաղրամյան համայնքի խոշոր հողատերերն աստիճանաբար ընդլայնում են իրենց մշակովի տարածքները: 2024թ Արմավիրի մարզում 572 հա նոր այգի է հիմնվել , որից 503 հա-ը՝ ինտենսիվ: Կաթիլային ոռոգման համար կառուցել են տարբեր տարողության ջրավազաններ և բույսը ծարավ չեն թողնում: «Շենիկ» ՋՕ ընկերության գործադիր տնօրեն Սամվել Սարգսյանն ասում է՝ իրենք են ապահովում ջրավազանների ջրամատակարարումը:

«Յուրաքանչյուր ջրավազանի մուտքային մասերում մենք ջրաչափներ ենք դրել, մեր ջրանցքի ջրերը լցնում ենք ջրավազանի մեջ, որի քանակությունը ֆիքսվում է ջրաչափով: Դա չի վնասում փոքր հողատերերին: Ես մի պարզ օրինակ բերեմ՝ գրեթե 4-5 տարի առաջ մեր սպասարկման տարածքը 6000 հա էր, մենք գրեթե նույն քանակի ջուր ենք օգտագործել, իսկ հիմա 10000 հա-ի համար՝ 127 մլն խմ ջուր»:

Բաղրամյան համայնքի հողերը ոռոգվում են Թալինի ջրանցքից: Տարածքի շուրջ 4500 հա հողերը հիմնականում ոռոգվում են կաթիլային եղանակով, որը ջրի խնայողության ավելի արդյունավետ եղանակ է: Մարզում կառուցել է 43 ջրավազան, շուրջ 2 մլն խմ տարողությամբ:

«Ավանդական եղանակով ոռոգելիս ավելի շատ ջրեր են ծախսում, քան ջրավազաններից: 4500 հա նորագույն տեխնոլոգիաներով՝ կաթիլային եղանակով ոռոգվող այգիներ են, որոնք ավելի քիչ ջուր են ծախսում: Բոլոր իրավաբանական անձինք հիմնականում 100 տոկոսով վճարում են վարձերը»:

Բաղրամյանում ոռոգումը կազմակերպվում է հիմնականում ինքնահոս եղանակով, սակայն հողերի կառուցվածքով պայմանավորված՝ ջրի պահանջարկը մեծանում է, քանի որ դրանք գերնորմատիվային են:

«Հողի ծակոտկենությունն ու գոլորշիացման գործակիցն ավելի բարձր է: Նորմատիվային հողատարծքներում, եթե նույն բույսի վեգետացիան 1 հեկտարի հաշվարկով տարվա մեջ պահանջում է 5000-6000 խմ ջուր, ապա մեզ մոտ՝ 8000-9000 խմ է, որպեսզի նույն բույսը իր վեգետացիան ստանա: Ջուրը շատ է ներծծվում հողի մեջ և շուտ գոլորշիանում է, խոնավություն չի պահում: Դրա համար մեզ մոտ ավելի շատ ջուր է օգտագործվում»:

Ամբողջությամբ՝ hy.armradio.am