Հայաստանում շինարարության ծավալը հունվարին ավելացել է 11,6%–ով՝ մինչև 19,2մլրդ դրամ

Հայաստանում շինարարության ծավալը հունվարին ավելացել է 11,6%–ով՝ մինչև 19,2մլրդ դրամ
Հայաստանում 2025 թվականի հունվարին շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 19 253.5 մլն դրամ (ընթացիկ գներով), ինչը 11.6%-ով գերազանցում է 2024 թվականի հունվարի ցուցանիշը։ Այս մասին հայտնում է Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն։
Հաշվետու ամսվա ընթացքում պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալը կազմել է 1 728.7 մլն դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 9%-ը (աճը՝ 15%՝ 2024 թվականի հունվարի համեմատ)։ Համայնքային միջոցներով իրականացված շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 445.9 մլն դրամ (մասնաբաժինը՝ 2.3%, նվազում՝ 47.1%), մարդասիրական օգնության միջոցներով՝ 39.3 մլն դրամ (0.2% մասնաբաժին, նվազում՝ 29.6%), կազմակերպությունների միջոցներով՝ 11 932.8 մլն դրամ (62% մասնաբաժին, աճ՝ 14.6%), բնակչության միջոցներով՝ 5 106.8 մլն դրամ (26.5% մասնաբաժին, աճ՝ 14.9%)։

Միևնույն ժամանակ, միջազգային վարկային միջոցների հաշվին կատարված շինարարական աշխատանքների ծավալը հունվարին կազմել է 488.2 մլն դրամ (2.5% մասնաբաժին)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 47.8% նվազումով։ Մասնավորապես, այդ վարկերից 77.2 մլն դրամը բաժին է ընկել Համաշխարհային բանկին, 309.5 մլն դրամը՝ Ասիական զարգացման բանկին, 31.1 մլն դրամը՝ Գերմանական զարգացման բանկին, իսկ 70.4 մլն դրամը՝ այլ կառույցներին։

Ամենաշատ շինարարական աշխատանքներ իրականացվել են անշարժ գույքի հետ կապված գործունեության մասով (ծավալ՝ 11 080.7 մլն դրամ, ընդհանուր կառուցվածքում մասնաբաժինը՝ 57.5%), էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակման ապահովման մասով (ծավալ՝ 2 886.1 մլն դրամ, մասնաբաժինը՝ 15%) և վերամշակող արդյունաբերության մասով (ծավալ՝ 702.4 մլն դրամ, մասնաբաժինը՝ 3.6%)։