2025-ին կապահովագրվի 13 մշակաբույս՝ 4 ռիսկերից՝ գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն և հրդեհ

2025-ին կապահովագրվի 13 մշակաբույս՝ 4 ռիսկերից՝ գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն և հրդեհ

Այս տարի ևս Կառավարությունը իր վրա վերցնում ռիսկերի մեղմման զգալի մասը: Այդ մասին Կառավարության՝ մարտի 13-ի նիստին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

Եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ընկերությունների հավաքած ապահովագրավճարի 200 տոկոսը, ապա Կառավարությունն այդ բեռը կվերցնի իր վրա (լրացուցիչ մասը)՝ փոխհատուցելով ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 200 տոկոսի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը:

Այսինքն՝ եթե մինչև 200 տոկոս եղավ, ապահովագրական ընկերություններն իրենց միջոցներով դա կանեն, դրանից ավելիի [դեպքում] Կառավարությունը կաջակցի ապահովագրական ընկերություններին»,- ասաց նախարարը: Նախկինում  եթե ապահովագրավճարի 50-60 տոկոսն էր փոխհատուցվում, հիմա առաջարկվում է 70-80 տոկոս սուբսիդավորում:

Որոշման նախագծով փոփոխվել է նաև ապահովագրական մշակաբույսերի կազմը: Ըստ այդմ՝ ծիրանը և խաղողն այս տարի կապահովագրվեն, իսկ ցորենի, գարու, վարսակի դեպքում հասանելի կլինի միայն երաշտի ռիսկից ապահովագրությունը: 2025-ին 4 ռիսկերից՝ գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն և հրդեհ, կապահովագրվի 13 մշակաբույս՝ խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ։

Հիշեցնենք, որ  գյուղատնտեսական ապահովագրական ծրագրին  դեռևս մասնակցում է 3 ընկերություն` «Ինգո Արմենիա» «Լիգա Ինշուրնս» և «Սիլ Ինշուրնս»։