ՀՀ-ում արհեստական հավկիթների վաճառքի փաստեր չեն արձանագրվել. ՍԱՏՄ-ի ղեկավարի տեղակալ

ՀՀ-ում արհեստական հավկիթների վաճառքի փաստեր չեն արձանագրվել. ՍԱՏՄ-ի ղեկավարի տեղակալ

Հայաստանում արհեստական հավկիթների արտադրության և վաճառքի դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:

Անդրադառնալով խնդրո առարկայի վերաբերյալ մամուլում հնչեցրած ահազանգին՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը և պետական մյուս ծառայությունները չեն արձանագրել ՀՀ տարածքում արհեստական հավկիթների վաճառքի փաստեր, Հայաստանում գրանցված չէ արհեստական հավկիթներ արտադրող որևէ կազմակերպություն:

«Շատ խիստ կասկածում եմ, որ արտադրողներ լինեն: Եթե անգամ լինեն՝ վաղ թե ուշ կիմանանք այդ մասին: Կարծում եմ՝ մեր շուկայում արհեստական հավկիթ գոյություն չունի»,-ասել է Պետրոսյանը:

Նա ընդգծել է, որ սննդային հավկիթ ընդհանրապես չի ներկրվում Հայաստան: Ներմուծվում են միայն ինկուբացիոն ձվեր, այն էլ՝ պարտադիր և խիստ վերահսկողությամբ: Ըստ Տիգրան Պետրոսյանի՝ սննդային և ինկուբացիոն հավկիթներն արտաքնապես շատ դժվար է զանազանել, սակայն ՍԱՏՄ-ն փաստաթղթերին և առևտրային արժեքներին ծանոթանալու միջոցով վերահսկում է ներմուծումը:

ՍԱՏՄ-ի ղեկավարի տեղակալը փոխանցել է, որ Սուրբ Զատիկից առաջ բոլոր խանութներին հրահանգավորվել է խստորեն հետևել հավկիթների պիտակավորմանը, դրանց վրա արտադրության ժամկետների առկայությանը և պահեստավորման պայմանների պահպանմանը:

Ավելի վաղ Հայաստանի մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել էին խանութներում արհեստական հավկիթների վաճառքի մասին: