Պետությունը 750 մլն դոլար նոր և ավելի թանկ պարտք է վերցրել. եվրոբոնդերի թողարկումը

Պետությունը 750 մլն դոլար նոր և ավելի թանկ պարտք է վերցրել. եվրոբոնդերի թողարկումը

Հայաստանը 750 մլն դոլարի նոր պարտք է ներգրավել։ «2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ»,- մարտի 14-ին հայտարարեց Ֆինանսների նախարարությունը։ 

Այս տարվա փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 13 մլրդ դոլար է։ Սակայն, պարտքը միանգամից 750 մլն դոլարով չի ավելանա, քանի որ վերցված գումարի մի մասով հին պարտքերն են մարվելու։ 

Փորձենք հասկանալ, թե ինչու և ինչպես է Ֆինանսների նախարարությունը նոր պարտք ներգրավել, ինչպե՞ս է սահմանվել դրա տոկոսադրույքը և ինչու՞ է այդ մասին հայտարարվել գործարքի մեկնարկից ինն օր անց միայն։ 

Հին պարտքերը մարելու ժամանակը

Քանի որ Հայաստանի պետական բյուջեն դեֆիցիտով է, այսինքն՝ ծախսերն ավելի շատ են, քան քաղաքացիներից, բիզնեսից և այլ աղբյուրներից հավաքագրվող եկամուտները, կառավարությունը ստիպված է բյուջեի այդ ճեղքը փակել պարտքեր վերցնելով։  Փողը վերցվում է ներքին աղբյուրներից՝ պետական գանձապետական պարտատոմսեր թողարկելով, ինչպես նաև արտաքին աղբյուրներից՝ վարկեր վերցնելով, եվրապարտատոմսեր թողարկելով և այլ գործիքներ կիրառելով։  

Եվրապարտատոմսերը՝ նույն եվրոբոնդերը, պարտք վերցնելու գործիքներից մեկն են։ Առաջին անգամ չէ, որ Հայաստանը դիմում է եվրապարտատոմսերի օգնությանը։ 

Մարտի 5-ի տեղաբաշխումը Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է: 

Ինչու՞ է պետությունը միանգամից 750 մլն դոլարի կարիք ունեցել։

Եթե շատ կարճ՝ նախկինում վերցված պարտքերը մարելու ժամանակն է եկել, իսկ բյուջեն չի բավականացնում դրանք մարելու համար։ Հետևաբար, պետությունը նոր պարտք է վերցնում։

2015 թվականին կառավարությունը 500 մլն դոլարի եվրապարտատոմս է թողարկել և այս տարի՝ 2025թ. մարտի 26-ին այն պետք է հետ գնի։ Ֆինանսների նախարարությունից տեղեկանում ենք, որ դրա մի մասը նախկինում հետ է գնվել, մնացել է 313 մլն դոլարը։ 

Ընդհանուր առմամբ, ըստ պարտքի մարման գրաֆիկի, որը հրապարակվել է այս տարվա սկզբում՝ 2025 թվականին Հայաստանը 1.6 մլրդ դոլարի մայր գումար պետք է մարի և մոտ 0.8 մլրդ դոլարի՝ տոկոսավճար։ Եթե տոկոսավճարները հստակ սահմանված են պետական բյուջեի ծախսերով, ապա մայր գումարների մարումները կառավարությունը իրականացնում է նոր պարտքեր վերցնելով։ Եվրապարտատոմսերի թողարկումը այդ գործընթացի մի մասն է միայն։ 

«Եվրապարտոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով»,- նշված է նախարարության հայտարարության մեջ։

l-CqJgl8zZTQ.jpg (252 KB)

Աղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն

Այն, որ այս տարի կառավարությունը պետք է նոր եվրապարտատոմսեր թողարկեր, հայտնի էր առնվազն նախորդ տարվանից։ 

Եվրապարտատոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում: 

Այդ մասին տարեվերջյան ասուլիսին խոսել է նաև Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

750 մլն դոլարի եվրապարտատոմսերը Հայաստանը պարտավորվել է հետ գնել տասը տարի հետո՝ 2035 թվականին։ 

Թե ովքեր են ձեռք բերել Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերը, առայժմ հայտնի չէ։  «Մենք տեսնում ենք ներդրողների կառուցվածքը։ Այն որոշ ժամանակ անց է դառնում հրապարակման ենթակա։ Այն միջազգային չափանիշներով սահմանված ժամկետ ունի, որի ընթացքում չի կարելի խոսել այդ մասին։ Նախարարը առաջիկայում ասուլիսով հանդես կգա և ավելի մանրամասն կներկայացնի այս թողարկումը»,- մեզ հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Մարինե Մելիքյանը։ 

Աղբյուրը՝ hetq.am