Ռազմավարական նշանակության ջրամբար Ակներ և Վերիշեն բնակավայրերի համար

Ռազմավարական նշանակության ջրամբար Ակներ և Վերիշեն բնակավայրերի համար

Ակներ և Վերիշեն բնակավայրերի համար կկառուցվի 10000 խորանարդ մետր տարողությամբ ջրամբար։ Գորիսի համայնքապետարանից հայտնում են, որ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրեր կազմակերպության ներկայացուցիչներն այսօր եղել են տարածքում, որտեղ կառուցվելու է ջրամբարը։

Նախագծման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Նշվում է, որ ռազմավարական այս նախաձեռնությունը հատկապես կարևորվում է ջրային պաշարների արդյունավետ բաշխման տեսանկյունից: Կառուցվող ջրամբարի ջրային պաշարների 70%-ն ուղղվելու է Ակների դաշտերը ոռոգելի դարձնելուն, մասնավորապես գետի ձախակողմյան հատվածի՝ մինչ այժմ ջրազուրկ տարածքներում գյուղատնտեսության զարգացման համար:

Մնացած 30%-ը հնարավորություն կստեղծի Վերիշենի համայնքի ջրամատակարարման և ոռոգման կարիքները բավարարելու համար: Ջրամբարի կառուցման և ջրագծերի վերակառուցման արդյունքում զգալիորեն կբարելավվի երկու բնակավայրերի բնակիչների կենսապայմանները և գյուղատնտեսական հողերի արդյունավետությունը:

Համայնքը չի սահմանափակվելու գործընկերների հետ միայն ջրամբարի կառուցմամբ: Առաջիկայում նախատեսվում է նաև Ակների և Վերիշենի ջրագծերի վերակառուցման աշխատանքների իրականացում: Արդեն իսկ Վերիշենի ջրագծի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ՄԱԿ-ի Պարենի ծրագրի աջակցությամբ: Ակների ջրագծի վերակառուցման աշխատանքները նույնպես շուտով կմեկնարկեն:

Աղբյուրը՝ hy.armradio.am