Հումքի փոխարեն՝ պատրաստի արտադրանք արտահանել

Հումքի փոխարեն՝ պատրաստի արտադրանք արտահանել

Օրերս Արարատում սկսեց աշխատել պողպատե ամրանների գործարանը։ Սա այն գործարանն էր, որի կառուցման վայրը Երասխից տեղափոխվեց։ Գործարանի կառուցման համար ներդրվել է 31 միլիոն դոլար։ Ներդրողները վստահեցնում են, որ գործարանը տարեկան 112.800 տոննա  արտադրանք է թողարկելու։ Այն ունի 240 աշխատակից, որոնց թիվն առաջիկա 3 տարում նախատեսվում է ավելացնել,  հասցնելով ավելի քան 500-ի: 

Հայաստանի տնտեսության կառուցվածքում փոփոխություններ են տեղի ունենում։ Հնարավոր է, որ առաջիկայում հումք արտահանելու փոխարեն ՀՀ-ը պատրաստի արտադրանք արտահանի։ Առաջին քայլերն արվում են։ Արդեն գործում է «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների Արարատի գործարանը։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարևորում է գործարանի աշխատանքը, նշելով, որ այն կբավարարի նախ՝ ներքին պահանջարկը․ 

«Որքան քո թողարկած արտադրանքը մոտ է վերջնական արժեշղթային, այնքան այդ ավելացված արժեքից ավելի շատ մասնաբաժին ստանալու հնարավորություն կա։ Եթե հումքն ես վաճառում, շահույթ կա, բայց այն, բնականաբար, շատ ավելի փոքր է, քան եթե դու ընդհանուր տեխնոլոգիական շղթայի օղակների գործունեությունը կազմակերպես քո երկրում»։

Աս գործարանը նախատեսված էր կառուցել սահմանամերձ Երասխում։ Այն արդեն կառուցվում էր, երբ Ադրբեջանը սադրանքներ հրահրեց և պահանջեց դադարեցնել Նախիջևանի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա կառուցվող, իրենց ձևակերպմամբ՝ խոշոր «մետալուրգիական» գործարանի շինարարությունը։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել էր, որ Երասխում կառուցվող հայ-ամերիկյան գործարանը ոչ թե մետալուրգիական է, այլ՝ մետաղաձուլական, և շրջակա միջավայրի համար որևէ վտանգ չի ներկայացնում:

2023-ի հունիսին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել գործարանի շինարարության վրա աշխատող տրակտորի ուղղությամբ։ Այդ սադրանքի հետևանքով երկու շինարար էր վիրավորվել, շինտեխնիկա վնասվել։ Գործարանի կառուցումը, ի վերջո, տեղափոխվեց այլ տարածք։

Աղբյուրը՝ hy.armradio.am