Քաղսի-Բջնի ճանապարհին 100 մ երկայնքով և 30 մ բարձրությամբ հատվածում տեղի է ունեցել քարաթափում

Մարտի 20-ին, ժամը 11:20-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղսի-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մոտ 100 մ երկայնքով և 30 մ բարձրությամբ հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ), նաև առկա են թուլացած քարաբեկորներ. անհրաժեշտ է կատարել հարկադիր քարաթափում: