Թումանյան փողոցում կենսունակությունը կորցրած 80 ծառի փոխարեն ընդհանուր առմամբ կտնկվի 129 հասուն ծառ

Թումանյան փողոցում կենսունակությունը կորցրած 80 ծառի փոխարեն ընդհանուր առմամբ կտնկվի 129 հասուն ծառ

Այս տարի առաջին անգամ համայնքում ծառատունկը մեկնարկել է ձմեռային ամսից սկսած. մշտադալարների տունկը նպատակահարմար էր հենց ցուրտ եղանակին:  Երևանում տնկվել են շուրջ 250 հասուն ծառատեսակներ՝ հիմնականում սոճիներ և եղևնիներ: 

Կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման ընթացքում Թումանյան փողոցում թեղի տեսակի 80 ծառի փոխարեն ընդհանուր առմամբ կտնկվի 129 հասուն ծառ: Արդեն իսկ տնկվել է 95 հատ 10 տարեկան արճվան (հուդայածառ), պահպանվել է 30 թեղի, որոնց տապալվելու վտանգը չկա, բացվելու է 34  բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն արճվաններ։ 
Կենսունակությունը կորցրած և ձևախեղված մանրատերև թեղիները փոխարինվում է եվրոպական արճվաններով, որոնք ավելի հարմարեցված են քաղաքային միջավայրին։ 10 տարեկան ծառերն առաջիկա տարիներին կձևավորեն խիտ սաղարթ, կստվերեն փողոցը և կնպաստեն  օդի որակի բարելավմանը։ 

Մայրաքաղաքում շարունակվում է սանիտարական էտը և ձևավորումը: Գործընթացը կիրականացվի շուրջ 300 բակերում, 19 այգիներում ու 18 պողոտաներում և փողոցներում: 

Խորհրդակցության ընթացքում Երևանի վարչական շրջանների ղեկավարները զեկուցել են բակային տարածքներում և այգիներում կատարվող ու նախատեսվող աշխատանքների մասին։