Ոչ ռեզիդենտ կազմակերպությունները 2022թ. հունվարից համարվում են ԱԱՀ վճարող ՊԵԿ-ը ներդրել է «e-VAT» համակարգ

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունները 2022թ. հունվարից համարվում են ԱԱՀ վճարող ՊԵԿ-ը ներդրել է «e-VAT» համակարգ
ՊԵԿ-Ը ՆԵՐԴՐԵԼ Է «E-VAT» ՀԱՄԱԿԱՐԳ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրական փոփոխության համաձայն, 2022թ.հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ վճարող են հանդիսանում նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ՀՀ ֆիզիկական անձանց։

Այս մասին ejc.am կայքին տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՊԵԿ-ը ներդրել է «e-VAT»  համակարգ: Այն հնարավորություն է ընձեռում ոչ ռեզիդենտ կազմակերպություններին րոպեների ընթացքում գրանցվել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները, բանկային փոխանցման համար անհրաժեշտ ռեկվիզիտների միջոցով վճարել հարկերը։

Համակարգը կառուցված է հնարավորինս պարզ և հարմար՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից կիրառելու համար։ Համակարգի միջոցով հարկային մարմնում հաշվառումը իրականացվում է պարզեցված եղանակով, ինչպես նաև «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից հատուկ օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչների համար մշակվել է էլեկտրոնային ստորագրության տրամադրման պարզ ընթացակարգ, քանի որ այդ կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ-ում հաշվառված չեն և չունեն կացության քարտ։

Համակարգում տեղադրված են 5 տարբեր արտարժույթներով բանկային վավերապայմաններ, որոնց միջոցով ոչ ռեզիդենտ կազմակերպությունները կարող են վճարել իրենց գործունեությունից ձևավորված ավելացված արժեքի հարկը։ Նախատեսվում է ներդնել նաև քարտային վճարման հնարավորություն, որի միջոցով կազմակերպությունների վճարումը կիրականացվի համակարգի միջոցով՝ հաշված րոպեների ընթացքում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային քարտերով։ 

2022թ. հունիսի 27-ի դրությամբ «e-VAT» համակարգի օգտվող է հանդիսանում 30-ից ավել խոշոր միջազգային կազմակերպություն։ 2022 թվականի առաջին եռամսյակի համար վերոնշյալ կազմակերպությունների կողմից հաշվարկվել և վճարվել է շուրջ 170 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկ։ 

Պետական եկամուտների կոմիտեն շարունակական աշխատանքներ է իրականացնում «e-VAT» համակարգից օգտվողների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ, և այդ նպատակով ակտիվ երկխոսություններ են տարվում ՀՀ-ում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հետ: