Զեկույց. Չեղյալ համարել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի բոլոր առկա թույլտվությունները

Զեկույց.  Չեղյալ համարել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի բոլոր առկա թույլտվությունները

 

Ամուլսարի հանքավայր՝ 73,7 տոննա ոսկի և 294,3 տոննա արծաթ, նախատեսվում էր տարեկան արդյունահանել 286 մլն դոլարի ոսկի, որը կկազմի Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի մոտ 6,5 տոկոսը, կգեներացնի տարեկան շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլարի հարկեր Հայաստանի գանձարանների համար, ինչը կկազմի Հայաստանի ՀՆԱ-ի ավելի քան 1 տոկոսը: Սրանք այն ցուցանիշներն են, որոնք ընկած են  Ամուլսարի շահագործման սպասելիքների հիմքում:

«Ամուլսար. մարդու իրավունքների խախտումներ և շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունք ոսկու որոնման գործընթացում» զեկույցի մեջ,  Ամուլսարից ակնկալվող օգուտներից բացի արձանագրվել են նաև  հանքի շահագործման ռիսկերը, տարածքի բնակչության իրավունքների վերաբերող  առաջարկներն ու պահանջները: Զեկույցը  հանրությանը  ներկայացրեցին «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցի ՎԶԵԲ-ի քաղաքականության պատասխանատու Ֆիդանկա Բաչեվա-Մաք Գրեյթը և Հայաստանում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) անդամ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը

 Հանդիպումը կազմակերպվել էր Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի, «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նախ ներկայացրեց Ամուլսրանի հանքի պատմությունը՝ սկսած 2006թ-ից. հետախուզում, ուսումնասիրություն, ներդրումներ, նաև անդրադարձավ մարդկանց իրավունքների պաշտպանությանն և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքներին: 

Ինգա Զարաֆյանը կարևորեց Ամուլսարի շրջակայում՝ Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչների իրավունքները, որոնք ոչ միշտ են ուշադրության կենտրոնում եղել. մարդիկ համախմբել և իրենց իրավունքները սկսել են նպատակաուղղված պաշտպանել 2018թ-ից հետո: Գրվել են դիմումներ կառավարությանը, սակայն որևէ արձանգանք չի հետևել, մարդիկ էլ փակել են դեպի Ամուլսրա բարձրացող ճանապարհները, որին հետևել է ճնշումներ և դատավարություններ:

 «Մենք պետք է բիզնեսի հետ ունենանք երկխոսություն, բայց չունենք»,- ասաց նա և հավելեց, որ  իրավունք ունեն վիճարկելու անհիմն և հակաժողովրդավարական որոշումները:

 Ֆիդանկա Բաչեվա-Մաք Գրեյթն անդրադարձավ Ամուլսարում ներդրումներ իրականացրած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից տարվող քաղաքականությանը, հատկապես շեշտեց, որ այս կառույցները  հանքավայրի թեմայի շուրջ քաղաքացիական հասարակության հետ չեն շփվել և հանդուրժել են «Լիդիանի» տասնյակ հայցադիմումները:

  «Որ կողմից էլ նայում ես՝ Ամուլսրարի նախագծին՝ խնդիր է»,- իր հերթին պնդեց Հայաստանում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) անդամ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը:

 Ի դեպ, զեկույցում նշվում է, որ Հայաստանի իշխանությունները, Լիդիանը և Ամուլսարի ծրագրում միջազգային ներդրողները դեռ պետք է լուծեն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ առկա հակասությունները, տրամադրեն փոխհատուցում և ապահովեն այս հարցում թափանցիկ և մասնակցային որոշումների կայացումը:

Այդ նպատակով զեկույցը առաջարկություններ է հղում Հայաստանի կառավարությանը, ՎԶԵԲ-ին, ՄՖԿ-ին և Լիդիան Արմենիային, մասնավորապես.

1.Հայաստանը պետք է պաշտպանի տեղական համայնքների, շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանների իրավունքները՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին համապատասխան: Այսպիսով, Հայաստանին՝

2. չեղյալ համարել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի բոլոր առկա թույլտվությունները.

3. անհապաղ քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմինների և հատուկ ընթացակարգերի, ՄԱԿ-ի ԵՏՀ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի և Կենսաբազմազանության պաշտպանության Բեռնի կոնվենցիայի բյուրոյի կողմից հրապարակված առաջարկություններին անդրադառնալու համար.

4. նախաձեռնել Ամուլսարի ոսկու հանքի ծախսերի և օգուտների անկախ փորձագիտական գնահատում` մանրակրկիտ ուսումնասիրելով տնտեսական, սոցիալական, առողջապահական և բնապահպանական գործոնները, այնուհետև հաշվի առնել այս գնահատումը` ապահովելու համար, որ բացասական ազդեցությունները պատշաճ կերպով բացահայտվեն և կանխվեն, և որ տեղական բնակչությունը և համայնքները կարողանան ուղղակիորեն օգուտ քաղել ծրագրից, եթե այն ի վերջո իրականացվի.

5. վերանայել բնապահպանական և հանքարդյունաբերության օրենսդրությունը՝ ապահովելու հանքարդյունաբերության ոլորտի ժողովրդավարական և խելամիտ կառավարում, ընդունել կանոնակարգեր և բարձրացնել ինստիտուցիոնալ կարողությունները՝ պատշաճ գնահատելու հանքարդյունաբերության սոցիալական և առողջապահական ազդեցությունները. և այլն:

 Զեկույցում մարդու իրավունքների խախտումներից բացի ներկայացված են ջրային ռեսուրսների,  ֆլորային և ֆաւոնային, շրջակա միջավայրին հասցվող վնասների ամբողջությունը, որից հետո ամբողջացվում է զկեույցի մեխը՝ չեղյալ համարել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի բոլոր առկա թույլտվությունները: