ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը այսօր նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Yandex Armenia ընկերություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 26-ին նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Yandex Armenia ընկերություն, որը գործունեություն է ծավալում տեխնոլոգիական մի շարք ուղղություններով։
Այցի ընթացքում նախարար Հայրապետյանը, Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանի ուղեկցությամբ, շրջել է ընկերության նորաբաց գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեությանը, ընթացիկ ծրագրերին ու ապագա նախաձեռնություններին։ Նախարարը նաև զրուցել է ընկերության աշխատակիցների հետ՝ քննարկելով ոլորտի զարգացումներն ու համատեղ ծրագրերի հնարավորությունները։
Քննարկվել են նաև պետություն-մասնավոր համագործակցության հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ հատկապես թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում։ Նախարար Հայրապետյանը կարևորել է մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը, որը կնպաստի տեխնոլոգիական լուծումների արագ ներդրմանն ու արդյունավետ կիրառմանը։ Նշվել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել աշխատակազմը՝ ներգրավելով նոր մասնագետների, ինչը հնարավորություն կտա զարգացնելու ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը, խթանելու նորարարական մոտեցումների կիրարկումը և բարձրացնելու օգտատերերի համար ապահովվող տեխնոլոգիական լուծումների որակը։