Արցախցիներն իրենց խնդիրներին լուծում են պահանջում. բողոքի ակցիա կառավարության մոտ

Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող 40+10 հազար դրամի աջակցության ծրագիրը պետք է շարունակական լինի այնքան ժամանակ, մինչև որ բնակապահովման ծրագիրը հասանելի լինի բոլոր ացախցիներին: Այս մասին ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունը կրճատել է արցախցիներին տրամադրվող պետական աջակցությունը, որպեսզի նրանք արագ և ինտենսիվ ներառվեն աջակցության երկարաժամկետ ծրագրերում։ Նա ընդգծել էր, որ ի սկզբանե հայտարարվել է, որ ծրագրերը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքի տրամաբանության մեջ են, և 40+10–ը կարճաժամկետ ծրագիր էր։
Ապրիլի 1-ից այդ աջակցությունը կստանան բացառապես թոշակառուները, անչափահասները և հաշմանդամները։
Պատգամավորի տեղեկություններով` երեկվա դրությամբ ծրագրից ընդամենը 50 մարդ է օգտվել:
«Բնակապահովման հարցը աշխատելով հնարավոր չէ լուծել: Այսօր ասում են, որ արցախցիներն ուզում են Երևանում կամ երևանամերձ հատվածներում ապրել: Դա ամբողջ Հայաստանում գոյություն ունեցող խնդիրների ամբողջությունն է, ինչու, որովհետև հիմնական աշխատանքային միջավայրը հենց Երևանում է, և նոր տեղափոխված մարդը, որը հմտություններ չունի, դեռ պետք է հարմարվի, աշխատանք գտնի այնտեղ, որտեղ այդ աշխատանքը մաքսիմալ ավելի շատ է», -նշեց Աղաբեկյանը:
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru