ՀՀ–ում կհեշտացնեն 3–րդ երկրներից ներմուծումը` առանց ԵԱՏՄ վերարտահանման հնարավորության

ԵՄ երկրներից, Շվեյցարիայից, Նորվեգիայից, Հարավային Կորեայից, ԱՄՆ–ից, Ճապոնիայից և Մեծ Բրիտանիայից Հայաստան ապրանքների ներմուծումը կհեշտացվի։ ՀՀ կառավարության ընդունված որոշման համաձայն՝ այդ երկրների արտադրանքը կազատվի ԵԱՏՄ չափանիշներով սերտիֆիկացումից, եթե առկա են Հայաստանում և ԵԱՏՄ–ում թույլատրելի վնասակար նյութերի մակարդակին համապատասխանությունը հաստատող փաստաթղթերը: Ընդ որում, նման արտադրանքը ենթակա չէ վերարտահանման ԵԱՏՄ մյուս երկրներ՝ առանց Եվրասիական համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպման։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախազգուշացրել էր հնարավոր ռիսկերի մասին. ակնկալվում է լաբորատոր փորձարկումների հայտերի ծավալի կրճատում, ինչը կարող է հանգեցնել փոքր լաբորատորիաների փակմանը և շուկայի խոշոր մասնակիցների դիրքերի ամրապնդմանը:
Բացի այդ, սահմանին կրկնակի ստուգման բացակայությունը կսահմանափակի փոխադրումից հետո արտադրանքի որակի վերահսկողությունը: