Քննարկվել է «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը

Քննարկվել  է  «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը
«Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի քննարկման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև կայացել է հերթական աշխատանքային հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:
Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր՝ ուղղված ծրագրի առավել արդյունավետ իրականացմանը։ Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են եղել ծրագրի վերաբերյալ իրազեկման աշխատանքների ակտիվացումը, գրասենյակի կողմից ծրագրում ներգրավվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև համագործակցության խորացումը կազմակերպչական և բովանդակային հարթություններում։
Կողմերը փոխանակել են գաղափարներ և առաջարկություններ՝ «Ներուժ 6.0»-ը դարձնելու առավել ընդգրկուն և թիրախային, ապահովելու սփյուռքի տեխնոլոգիական համայնքների ակտիվ մասնակցությունը և Հայաստանի նորարարական դաշտում նրանց ներուժի լիարժեք իրացումը։
Քննարկման արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն ծրագրի արդյունավետ կազմակերպմանը և գործընկերության հետագա ամրապնդմանը։