Հայաստանում տարեկան գոյանում է մոտ 700 հազար տոննա կոշտ-կենցաղային թափոն. ինչպե՞ս են դրանք կառավարվում

Հայաստանում  տարեկան  գոյանում է մոտ 700  հազար  տոննա կոշտ-կենցաղային  թափոն. ինչպե՞ս են դրանք կառավարվում

Հայաստանում  տարեկան  գոյանում է մոտ 700  հազար  տոննա կոշտ-կենցաղային  թափոն:

Բնակչության դեն նետած աղբի 62 տոկոսը սննդային  մնացորդ է, որից  կարելի է կենսագազ ստանալ ու այն օգտագործել խոհանոցում կամ տան ջեռուցման համար:

Մարդկանց ոչ ֆորմալ  խմբերը  աղբանոցներից  ամենօրյա  ռեժիմով մետաղ, պլաստիկ  ու ապակի են  հավաքում․ մոտավոր  գնահատականով այդ  եղանակով ուտիլիզացվում  է երկրում  առաջացոող  թափոնների 5-10 տոկոսը:

Աշխատանքն  օրինական  և ի սկզբանե  տեսակավորման միջոցով անելու դեպքում՝ 7- 10 հազար  տոննա աղբի վերամշակման  հաշվով կարող է 10-15 աշխատատեղ  բացվել։

Տոննաներով մեր աղբի  ծավալն  ու   հեկտարների  հասնող  աղբավայրերի  մակերեսը կարելի  է կրճատել՝  պնդում են «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի  պատասխանատուները։ Մի քանի  տարի  է,  ինչ Հայաստանի Ամերիկյան  համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի  թիմը  Շվեդիայի  ֆինանսավորմամբ այս խնդրի  լուծումներ  է  փնտրում։ Ըստ  փորձագիտական  խմբի  ղեկավարի՝  երկրում  կան ոչ  շատ,  բայց անհրաժեշտ  հզորության  մի քանի  ձեռնարկություն, որտեղ կարող  են  վերամշակվել  բնակչության ու  բիզնեսի  առաջացրած  ինչպես  պլաստիկի  ու ապակե  շշերի, այնպես  էլ՝  թղթի  ու  անվադողերի  թափոնները։

Բացառությամբ  անվադողի՝ Երևանի քաղաքապետարանն  արդեն սկսել  է փողոցներում  տեղադրված  աղբի տեսակավորման  համար առանձնացված տարրաներում հավաքել  և  ուշադրություն՝  աճուրդով  վաճառքի  հանել  մայրաքաղաքում  առաջացող  թղթի, ապակու և պլաստիկի, վերջերս  նաև՝  ալյումինի  թափոնները։ Ապակուց  նոր շշեր  են  ձուլվում,  թուղթը՝ վերածվում է  ստվարաթղթի, պլաստիկը՝ բարձերի  ու  ձմեռային հագուստի  մեջ  օգտագործվող  սինդիպոնի  հումքի։

Ինչ  վերաբերում է  անվադողերի ուտիլիզացմանը՝  Աբովյան  քաղաքում «Ամ-Էսկա» անունով գործարան  կա, որը  զբաղված  է  հենց  նմանատիպ ռետին-կաուչուկային, նաև  յուղային  թափոնների  վերամշակմամբ։ Ընկերությունում  հաշվարկ  են  արել  ու  պնդում են՝  կարող  են լուծել  երկրում շահագործվող գրեթե  ամբողջ  ավտոպարկից  մնացող  մաշված, հին  անվադողերի  հարցը։ 

Դավիթ Քարամյան՝ «ԱՄ-Էսկա» ընկերության փոխտնօրեն․  «Ընկերությունում  այժմ  աշխատում է հոսքագծերից  մեկը։ Եթե երկրորդն  էլ  գործի  դնենք՝ օրվա  կտրվածքով  կարող  ենք  մշակել  11  հազար  կգ  անվադող։ Մեր գնահատականով, որը  հիմնված  է  Հայաստանում  ԱՊՊԱ-պայմանագիր  ունեցող  ավտոմեքենաների  քանակի  վրա, երկրում  օրը  միջինում 18-19  հազար  կգ  անվադող է այսպես  ասած  մաշվում  ու  դեն  շպրտվում»։

Screenshot (7).png (1.43 MB)

Անվադողի  վերամշակումից  «ԱՄ-Էսկա» ընկերությունում  դիզելի  տիպի  հեղուկ  վառելիք  են  ստանում, մնացորդային չոր զանգվածից՝ քարածխային  բրիկետ։ Արտադրած  վառելիքն, ի դեպ, և  վաճառում են,  և դրանով  սեփական  ջերմոցները  ջեռուցում։ Հումք հանդիսացող  հնամաշ  անվադողերը  ձեռնարկությանը  տրամադրում են մեր երկրում  բնապահպանական  միջազգային  ստանդարտներով  աշխատող՝ ընդերք  շահագործող  և արտադրական մի քանի  խոշոր  ընկերություն։ Մամլիչների  տակ՝  հանքարդյունաբերական  հզոր  տեխնիկայի  շատ  մեծ  անվադողեր  են․ փոքր՝  մարդատար  մեքենաների  անվադող  առայժմ  չեն վերամշակում, որովհետև արտադրության   համար դրա  կայուն քանակ  ապահովելը  դժվար է։ Հանրապետության  տարբեր անկյուններից  այն  հավաքելն  ու տեղափոխելը  ոչ  միայն  թանկ  է,  այլև երբ  փորձել  են՝ դեպքեր  են եղել  ավտոտեխսպասարկման  կետերը  գումար են  ուզել  իրենց  մոտ  կուտակած  այդ  աղբը գործարանին  տրամադրելու  համար․․  ասում  է ընկերության  փոխտնօրենը։

Ինչ՞  պայմանով կզբաղվեն  նաև  մարդատար  մեքենաների  անվադողերի  վերամշակմամբ  հարցին՝ Դավիթ  Քարամյանն  ասում  է․․․ «Անվադողի  կգ-ի  հաշվով  ԱԱՀ-ը , ներառյալ` պետք է 350  դրամ  գումար  ունենանք, որ  բիզնեսը  այսպես  ասած  հետաքրքիր,  ձեռնտու  դառնա»։

Աղբի  վերամշակման  համար  անհրաժեշտ  գումարը  պետք  է  վերցնել թափոն առաջացնողից․․․․ տվյալ  դեպքում՝  անվադող ներմուծողը  լինի,  թե պլաստիկ  շշով հանքային  ջրի  կամ հյութի տեղական  արտադրող՝  ապրանքի  վաճառքից ստացած շահույթի  հաշվին  պետք է հոգա  նաև դրանից մնացող թափոնի վերամշակման  ծախսը։ Աշխարհը  վաղուց  անցել  է այդ «աղտոտողը  վճարում է» սկզբունքին  կամ  մասնագիտական  տերմինաբանությամբ  ասած՝ «Արտադրողի  ընդլայնված պատասխանատվությանը»՝  մեկնաբանում է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը։ Ի դեպ, ԱԸՊ ներդնելու պարտավորությունը  Հայաստանը  ստանձնել է Եվրամիության  հետ կնքած ՍԵՊԱ պայմանագրով։

Երկրում  արդեն իսկ  այդ  գործի  «ծիծեռնակներ» են հայտնվել․ օրինակ՝ կենցաղային  տեխնիկայի  ներկրմամբ  և  վաճառքով զբաղվող  Վեգա ընկերությունը Շրջակա  միջավայրի  նախարարությունից  ստացել  է վտանգավոր թափոնների վերաօգտագործման գործունեության լիցենզիա։ Ընկերությունը տարբեր  տեղերում արկղեր  է տեղադրել  օգտագործման համար  ոչ  պիտանի դարձած մարտկոցները  հավաքելու  համար։ Նաև՝ ընդունում է  հին-դեն  նետելու  ենթակա  լվացքի մեքենա-սառնարան-հեռուստացույցներ,  որից առանձնացնում են պլաստիկե  մասն  ու  կազմակերպում  դրա  վերամշակումը։

Կազմավորվել  է նաև  ՀԿ՝ Հայաստանի վերամշակողների միություն։ Առաջին  հարցն, ինչ  նրանք բարձրացնում են՝ պետության  վերաբերմունքի  ճշտում է իրենց  գործունեության նկատմամբ։ Բնության  սանիտարի  ֆունկցիա  են  ստանձնում, բայց  արի  ու  տես  հարկային  օրենսդրությունն  իրենց դիտարկում է  որպես  սովորական  բիզնես։

Հայաստանի վերամշակողների միության նախագահ Վահան Ղարիբյան․ «Մենք  հարկվում  ենք  նույն  ձև, ինչպես   շաքարավազ  կամ   կարագ  ներմուծող ընկերությունը»։

Փորձագիտական թիմն ու Շրջակա  միջավայրի  նախարարությունն  արդեն  կազմել  են «Արտադրողի  ընդլայնված պատասխանատվության» ներդրման համար անհրաժեշտ  օրենսդրական  փոփոխությունների  փաթեթը։ Այն հանրային  քննարկման  կդրվի իրավական ակտերի  նախագծերի  հրապարակման  e-draft հարթակում։ ՇՄՆ Ռազմավարական քաղաքականության վարչության պետ  Լուսինե Ավետիսյանի  կարծիքով՝ նախագիծը  Ազգային Ժողով  կհասնի  և  կընդունվի  ամենաուշը  մինչև  տարեվերջ։

Նախագծի  համաձայն՝ Հայաստանում ապրանքի  սպառումից  հետո  մնացող  թափոնները  վերամշակելու հարցն առաջիկայում  կդրվի տնտեսվարողների  վրա։

 «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն  Ալպետյան․ «Նորամուծությունը աստիճանաբար  կներդրվի։ Առաջին  փուլով  այն  կկիրառվի փաթեթավորում ունեցող  ապրանքների  վրա․ էլեկտրոնային թափոններ,  անվադողեր, յուղեր և մարտկոցներ․․․  սկզբի  համար  այդ 4  տեսակ  թափոններն  են , որ  ՇՄՆ-ի  կողմից  դիտարկվում են  հիմա»։

 Հայաստանն  աղբից  մաքրելու կամ  որ  ավելի  ճիշտ  է՝ աղբի  քանակը շրջապատում  չավելացնելու սխեման կաշխատի  հետևյալ կերպ․ ոլորտային  ընկերությունները․․․ օրինակ` պլաստիկ  շշով հյութ արտադրող-ներմուծող-վաճառողները  կստեղծեն մի  կազմակերպություն, որը անդամ-ընկերություններից տարրայի հաշվով  որոշակի  գումար  վերցնելով կհոգա  տվյալ  թափոնը  բոլոր տեղերից՝ ռեստորան, փողոց  թե  անտառից  հավաքելու, հավաքածը՝ ուտիլիզացնելու  խնդիրը։